Հարցազրույցը տեղի ունեցավ 2019 թվականի մարտին:
Արֆենյան ծնվել է 1931թ Գորիսի շրջանի Տեղ գյուղում, բանվորի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին հինգ երեխա՝ Արֆենյան առաջնեկն էր: Նախնական կրթությունը ստանում է տեղի դպրոցում: Ավարտելով ութերորդ դասարանը, սկսում է օգնել ընտանիքին և կատարում է տարբեր գյուղական աշխատանքներ: 1949թ. Արֆենյան ամուսնանում է համագյուղացի Թովմաս Հ-նի հետ, նույն թվականին ծնվում է նրանց առաջնեկը՝ Վալերին, իսկ 1951թ. երկրորդ որդին՝ Վիտալին: 1952թ. տեղափոխվում են ք. Ստեփանակերտ, աշխատանք գտնելու նպատակով, եւ ամուսիններով սկսում են աշխատել Ղարմետաքսկոմբինատում որպես բանվոր, որից հետո Կոշկի ֆաբրիկայում մինչև Արցախյան շարժումը՝ 1988թ:
Պատերազմից հետո ամուսինը կատարում էր մասնավոր աշխատանքներ, իսկ Արֆենյան զբաղվում էր տնային գործերով: Նրանք ապրում էին երջանիկ և լիիրավ կյանքով, տղաները խելոք էին, համեստ, միջին կարողություններով, բայց մարդամոտ ու ծնողասեր: Երկուսն էլ սովորել են Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, ավարտել են թերի միջնակարգը: Արֆենյան հավանում է Տեղ գյուղից մի աղջկա՝ Քնարիկին, որպես հարսնացու, Վալերին հարգելով մոր որոշումը՝ մինչև բանակ գնալը ամուսնանում է: Մեծ, շքեղ հարսանիք են կազմակերպում, որ մինչև հիմա հիշում է, շատ երջանիկ էին ամբողջ ընտանիքով: Իրար հետևից ծնվեցին՝ Անահիտը, Նունեն և Արայիկը:
Թոռնիկների ծնունդը ամբողջացրեց համերաշխ ընտանիքի երջանկությունը, ամեն ինչ կարծես թե գնում էր իր հունով, սակայն 1979 թվականին ավտովթարից մահանում է Վալերին թողնելով երեխեքին որբ: Կրտսերը՝ Վիտալին 1970թ. ստեղծում է իր ընտանիքը, ունենում է երկու աղջիկ եւ մեկ տղա: Վիտալին մասնակցում է Արցախյան ազատագրական շարժմանը, որից հետո աշխատում էր որպես ինկասսատոր՝ վառելիքի վաճառքից ստացված գումարը Ստեփանակերտից տեղափոխում էր ք.Երևան: 1999թ. դրամը Երեւան տեղափոխելիս ճանապարհին ավազակները հարձակվում են մեքենայի վրա, թալանում և սպանում նրան: Վշտին չդիմանալով նույն թվականին մահանում է ամուսինը՝ Թովմասը: Արֆենյան կսկիծով պատմում է, թե ինչպես պատահեց, որ թուրքի ճանկից հրաշքով փրկված որդին սպանվեց հայի ձեռքով…
Արֆենյան Հանգանակի շահառու է հենց ստեղծման օրից, չի հիշում ով, բայց երկու հոգով եկան և նրան անդամագրեցին: Այժմ ապրում է իր սեփական տանը հարսի հետ, որի մասին հիացմունքով է խոսում: Թոռները ապրում և աշխատում են ՌԴ-ում: Տունը ջեռուցվում է փայտով, Հանգանակի տրամադրած գումարը շատ օգնում է, բայց տունը մեծ է, գումարը չի հերիքում, սակայն մթերքը բավարարում է: Իր առողջական վիճակը գնահատում է միջինից ցածր, ունի զարկերակային բարձր ճնշում, Հանգանակից ստանում է Տրիպլիքսամ 10/2.5/10 մգ N 20 ևԿարդիոմագնիլ 75 մգN 30:
Արֆենյան պոլիկլինիկայից չի օգտվում, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում է Հանգանակի բժշկի հետ: Բուժքույրը՝ Դոնարա Մնացականյանը, շատ հոգատար է, մարդամոտ, իր համար և ընկերուհի է, և խորհդատու, հաճախակի այցելում է, չափում ճնշումը, բերում է դեղերը, խոսքերով բուժում սպիացած վերքերը:
Շատ գոհ է Հանգանակի տնօրեն Գոհար Հովհաննիսյանից, որի միջնորդությամբ Լաչինում կազմակերպվեց իր եւ եւս 4 շահառուների աչքի վիրահատությունները Հայաստանից ժամանած առաջնակարգ բժիշկների կողմից, մինչև հիմա ոչ մի խնդիր չունի տեսողության հետ կապված, աշխարհի չափ շնորհակալ է դրա համար:
Շատ գոհ ու շնորհակալ է բոլորից և հովանավորներից, և անձնակազմից: