«Հանգանակ»-ի ամբողջ անձնակազմի եւ շահառուների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայ Կանանց Բարեկեցության Միությանը, որի շարունակական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել մեր առաքելությունը Հայաստանում: Այս դժվարին պայմաններում, երբ մեր տարեցներին չէին տրամադրում ոչ մի աջակցություն, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ֆինանսական օգնությունը կենսական կարեւորություն էր ստացել:
Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո, Հանգանակը ավելի քան երկու ամիս ակտիվորեն որոնում էր իր շահառուներին: Այն հաջողությամբ կարողացավ հայտնաբերել շահառուների մեծամասնությանը: Քիչ չէին այն դեպքերը, երբ շահառուները հայտնվում էին տարբեր լրատվամիջոցների տեսախցիկների օբյեկտիվում: Մենք կանդրադառնանք այդ դեպքերին՝ ավելի մանրամասն ներկայացնելու նրանց դրամատիկ պատմությունները:
Կազմակերպությունը բոլոր հնարավոր միջոցները օգտագործում է ձեռք մեկնելու իր հովանու տակ գտնվող տարեց միայնակ եւ անօգնական մարդկանց: Ինչպես նոյեմբեր, այնպես էլ դեկտեմբեր ամսում ՀԿԲՄ ամբողջությամբ ֆինանսավորեց Հայաստանում ապաստանած 265 շահառուների դրամական օգնության տրամադրումը: Դեկտեմբերի 25-ին, վերջին 12 շահառուներին, որոնք բանկային քարտեր չունենալու պատճառով դեռ չէին ստացել իրենց հասանելիք ֆինանսական օգնությունը, Հանգանակի աշխատակիցները անձամբ այցելեցին նրանց ապաստարաններում եւ Ամանորի նախօրեին հանձնեցին գումարը:
Այսպիսով, տարին ավարտված է: Դժվար, ողբերգական եւ կորուստների տարի էր: Շրջափակումով եւ բռնի տեղահանումով անցած ժողովրդի համար միակ սփոփանքը այն էր, որ մենակ չէր իր տառապանքի հետ: Այս ողբերգության ամբողջ ընթացքում ՀԿԲՄ Հանգանակի կողքին էր: Նրանց շնորհիվ մենք կարողացանք ոտքի կանգնել եւ շարունակել մեր գործը՝ հանուն մեր հայրենիքի, ի հեճուկս բոլոր դժբախտությունների:
Հանգանակը կշարունակի Տարեցների ծրագիրը 2024 թվականին՝ արդեն որպես «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպություն: Հետեւեք մեր էջին եւ մենք հետեւողականորեն կներկայացնենք մեր կատարած աշխատանքները, մեր շահառուներին եւ նրանց դրամատիկ պատմությունները:
Դուք կարող եք սատարել մեզ՝ այցելելով ՀԿԲՄ կայքը եւ կատարելով ձեր նվիրատվությունը Տարեցների ծրագրին:
Շնորհակալություն: