Դիաբետ, Ալցհայմեր — Հանգանակի բժշկական անձնակազմը ընդլայնում է իր գործնական հմտությունների շրջանակը

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հանգանակ ՀԿ անձնակազմի համար կազմակերպվող ամենամսյա առցանց դասընթացների հերթական հանդիպումը: Դասընթացները վարում էին ՀԿԲՄ անդամներ հոգեբույժ- գերոնտոլոգ դոկտոր Ջեյն Մահակյանը եւ հանրային առողջության մասնագետ Նենսի Բարսամյանը:

Ըստ նախօրոք կազմած ժամանակացույցի, Նենսի Բարսամյանը շարունակեց եւ ամփոփեց շաքարային դիաբետով հիվանդների վարման ուղեցույցը՝ ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողութան եւ կանխարգելման կենտրոնի: Շատ ամփոփիչ եւ ամբողջական դասախոսություն էր, որը լրացնում էր այն ուղեցույցը, որ տրամադրվել էր Հանգանակի բուժանձնակազմին օրեր առաջ: Այդ ուղեցույցը ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել եւ տեղայնացվել էր 2009 թվականին:

Հանդիպման երկրորդ կեսը նվիրած էր Ալցհայմեր հիվանդությանը: Պատահական չէր ընտրվել այդ թեման, քանի որ արդեն 10-ը տարի շարունակ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհում մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ` իրազեկելու հասարակությանը Ալցհայմերի հիվանդության մասին և հաղթահարելու առկա մարտահրավերները: Այս տարի Հայաստանը ևս միացել է Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրվան, և մեկ ամիս շարունակ կիրականացվեն տարբեր միջոցառումներ:

2017 թվականին Ջեյն Մահակյանը հիմնադրել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել կայուն ծրագրեր ու ծառայություններ հիշողության կորուստ ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։ Լինելով առաջատար մասնագետներից մեկը, Ջեյն Մահակյանը մանրակրկիտ ներկայացրեց հիվանդության ախտանիշները եւ տարբերությունը ծեր տարիքում հանդիտող այլ դեմենցիաներից, հիվանդության զարգացումը, ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդները, հիվանդների վարումը եւ խնամքը:

Հանդիպման վերջում խոսեցին սեպտեմբերի 30-ին կայանալիք Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից կազմակերպվող Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի մասին: Հանգանակը նույնպես հրավիրված է մասնակցելու կոնգրեսին: