Իրա եւ Զամիրա Գ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսին։

Իրան ծնվել է 1952 թվականի հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Հայրը վարորդ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում մեծանում էին 3 աղջիկ, Իրան երկրորդ երեխան էր, Զամիրան երրորդ։

1956 թվականին ընտանիքը տեղափոխվում է Ուզբեկիստան, որտեղ էլ 1957 թվականի հունվարի 10-ին ծնվում է երրորդ աղջիկը՝ Զամիրան։

Դպրոցն ավարտելուց հետո Իրան ընդունվում է շինարարական տեխնիկում եւ այն ավարտելով՝ աշխատանքի անցնում շինարարական ընկերությունում, որտեղ աշխատում է ավելի քան 38 տարի, որից 10 տարին կադրերի բաժնում, իսկ մնացածը՝ հաշվապահությունում։

Զամիրան եւս ավարտում է շինարարական տեխնիկում եւ 32 տարի աշխատում շինարարական կազմակերպությունում։

Իրան ամուսնանում է, սակայն չանցած մեկ ու կես տարի նա բաժանվում է առանց երեխաներ ունենալու։ Զամիրան չի ամուսնանում։ Քույրերը մի կողմ է դնելով իրենց անձնական կյանքը՝ սկսում են խնամել մորը, ով վաղ հասակում տանում է ինսուլտ եւ կյանքի մեծ մասը անկողնային էր։

Հայրը մահանում է 2005 թվականի մայիսին, իսկ մայրը՝ սեպտեմբերին։ 2017 թվականին մահանում է նաեւ ավագ քույրը։

Քրոջ մահից հետո 2018 թվականին Իրան փոքր քրոջ՝ Զամիրայի հետ որոշում են տեղափոխվել Արցախ, մտածելով որ այստեղ գոնե բարեկամներ ունեն ու շրջապատված կլինեն հայերով։ Վաճառելով Ուզբեկիստանի իրենց բնակարանը նրանք Ստեփանակերտում՝ հենց Հանգանակի գրասենյակի ներքեւի շենքում, կարողանում են գնել մեկ սենյականոց բնակարան, որը հետագայում նրանք ձեւափոխում են 2 սենյականոցի։

Ձմռանը բնակարանը ջեռուցվում է էլեկտրականությամբ։

Իրան Հանգանակի շահառու է 2018 թվականից, Զամիրան՝ 2020 թվականին անցնելով թոշակի եւս ընդգրկվում է Հանգանակի շահառուների ցուցակում։

Իրան տառապում է ստամոքսի խոցով, ունի սրտային անբավարարություն, արթրոզ, աթերոսկլերոզ։ Հանգանակից նա ստանում է Կոնկոր 5մգ N25, Կավինտոն ֆոռտե N30, Օմեզ N30, Ֆոսֆոգլիֆ N30, Մետրագիլ դենտա դեղերը։ Պոլիկլինիկայից չի օգտվում, անհրաժեշտության դեպքում դիմում է Հանգանակի բժշկին, իսկ հիմնականում դեռեւս ընդունում է Ուզբեկիստանից ստացած նշանակումները։ Զամիրան ունի էնդեմիկ խպիպ, սրտային անբավարարություն։ 2008 թվականին հեռացվել է լեղապարկը։ Նա Հանգանակից ստանում է Յոդմարին, Կոնկոր 5մգ N25, Մեզիմ ֆոռտե N20 դեղերը։

Իրայի թոշակը կազմում է 58000 ՀՀ դրամ, որից 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ, իսկ 4000 ՀՀ դրամը ԿԽՄԿ-ի կողմից, իսկ Զամիրայի թոշակը՝ 50400 ՀՀ դրամ, որից 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։

Նրանք շատ գոհ են ստացած օգնությունից եւ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բարերարներին եւ Հանգանակի անձնակազմին: