Կլինիկական դասախոսություն «Հանգանակ» ՀԿ բուժանձնակազմի համար

 Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող, Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակներում, «Առողջ կենսակերպի ուղեցույցներ՝ ուղեղի գործունեության վատթարացման ռիսկերը նվազեցնելու և նրա առողջությունը բարելավելու համար» դասախոսությունը: Zoom հարթակում նմանատիպ դասախոսություններ հաճախակի կազմակերպում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր-նախագահ դոկտոր Ջեյն Մահակյանը: Սովորաբար դոկտոր  Մահակյանը հրավիրում է Միացյալ նահանգներում բարձր որակավորում ստացած մասնագետների, որոնք ունեն նաեւ մեծ դասախոսական  փորձ: Նրանք իրենց մասնագիտական փորձը եւ գիտելիքները կիսում են Հայաստանի մասնագետների հետ: Այս անգամ դասախոսը հայկական արմատներով Ֆլորա Վիգերսն էր, որը Ալցհեյմերի հետազոտության և կանխարգելման հիմնադրամի կողմից հավաստագրված ուղեղի առողջության եւ երկարակեցության մասնագետ է:

Ջեյն Մահակյանը, լինելով նաեւ «Հանգանակ» ՀԿ բուժանձնակազմի համար կազմակերպվող դասընթացների ղեկավարը, սիրով հրավիրել է նաեւ «Հանգանակին» լսելու դասախոսությունը:

Մեկ ժամ տեւած դասախոսության ընթացքում մասնակիցները ծանոթացան այն ռիսկերի հետ, որոնք կարող են խորացնել Ալցհայմերի հիվանդության ընթացքը: Սակայն ավելի շատ քննարկվեցին եւ մանրամասն վերլուծվեցին այն բոլոր հնարավոր միջոցները, որոնք կարող են խթանել եւ ակտիվացնել ուղեղի գործունեությունը: Այդ առումով ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպի խթանումն է: Խոսվեց ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի, վնասակար սննդակարգի եւ սովորությունների բացառման անհարժեշտության մասին: Վերջում մասնակիցները դասախոսին ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր եւ ինֆորմատիվ դասախոսություն էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ: Ջեյն Մահակյանի հետ առանձին քննարկվեց շահառուների համար նման դասխոսությունների անհարժեշտությունը: