Հայաստանի շրջիկ բժիշկները շարունակում են աջակցել Հանգանակին

Մեր բարեկամությունը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերից, երբ Հանգանակի շահառուներից մեկը կարիք ուներ արյան փոխպատվաստման, իսկ համապատասխան արյուն Արցախում չկար: «Հայաստանի շրջիկ բժիշկներ» առողջապահական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Արմինե Բարխուդարյանի օգնությամբ, ընդամենը ժամեր անց, արյունը արդեն Արցախում էր: Կարելի է վստահաբար ասել, որ շահառուի կյանքը փրկվեց: Այսպես նշանավորվեց երկու կազմակերպությունների բարեկամությունը: Պետք է նշել, որ այդ հեռակա ծանոթությունը հնարավոր եղավ Տարեցների ծրագրի կլինիկական մասի խորհրդատու դր. Նենսի Բարսամյանի միջնորդությամբ: Իսկ արդեն մեկ ամիս անց «Հայաստանի շրջիկ բժիշկներ»-ը Արցախում էին:

2022 թվականի նոյեմբերի 19-ին նրանք Հանգանակի գրասենյակում իրականացրին ավելի քան 50 շահառուի բժշկական հետազոտություն եւ խորհրդատվություն: Այդ օրը առավոտից մինչեւ ուշ երեկո Արմինեի թիմը անձնվիրաբար կատարեց իր բարձր առաքելությունը: Հեռանալիս նրանք խոստացան մի քանի ամսից նորից այցելել Արցախ եւ հետազոտել ավելի մեծ թվով շահառուների: Սակայն դրան հետեւց Արցախի շրջափակումը եւ հետո արցախցիների բռնի արտագաղթը…

Հայտնվելով նոր իրավիճակում, Հանգանակը շարունակում է հոգ տանել իր շահառուներին: Սակայն լինում են դեպքեր, երբ միայնակ հնարավոր չի լինում հաղթահարել դժվարությունները: Այսպիսի դեպքերում փորձում ենք հիշել մարդկանց, որոնք ձեռք են մեկնել, սին խոստումերի փոխարեն հստակ քայլեր են ձեռնարկել եւ օգնության հասել:

Օրերս մեր շահառուներից մեկը հոսպիտալացվել էր ծանր թոքային պաթոլոգիայով: Ստանալով ինտենսիվ բուժում նրա վիճակը կարգավորվել է, սակայն դուրս գրվելուց առաջ նրան զգուշացրել են, որ տանը պետք շարունակի բուժումը եւ, որ ամենակարեւորն է, պետք է լինի ապահովված թթվածնով, քանի որ առանց թթվածնի սատուրացիան կտրուկ իջնում է: Նրա բարեկամները դիմել են Հանգանակին՝ թթվածնային սարք տրամադրելու համար:

Հանգանակը նորից դիմել է դոկտոր Արմինե Բարխուդարյանին: Ինչպես եւ 2022 թվականին, հարցը շատ կարճ ամանակահատվածում լուծվել է եւ մեր շահառուն դուրս է գրվել տուն՝ ապահովված ժամանակակից թթվածնի կոնցենտրատորով:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստանի շրջիկ բժիշկներ» առողջապահական կազմակերպությանը եւ անձամբ Արմինե Բարխուդարյանին՝ հերթական անգամ օգնության ձեռք մեկնելու համար:

Հետեւեք մեր կայքին եւ տեղեկացեք մեր վերջին թարմացումներին: