«Հանգանակը» առաջին անգամ 2023 թվականին այցելեց Ասկերան

2023 թվականի հունվարի 18-ին Հանգանակի թիմը իրականացրեց երկար սպասված այցը Ասկերան: Հաշվի առնելով վառելիքի պակասը, որոշվեց սպասել դեղանյութերի ստացմանը, որ առաքումը կատարվի միաժամանակ: Այդ ընթացքում «Հանգանակը» հումանիտար ճանապարհով ստացավ նաեւ հիգիենիկ պարագաներ, ուստի Ասկերանի շահառուներին սպասվում էր եռակի օգնություն՝ պարանամթերք, դեղանյութեր եւ հիգիենիկ պարագաներ:

Ասկերանի շահառուների մի մասը անձամբ նախորդ շաբաթ ներկայացել էին գրասենյակ իրենց հասանելիք պարենամթերքը ստանալու: Իսկ այս շաբաթ գյուղապետերին տեղեկացվեց, որ մեծ քանակությամբ հումանիտար բեռը «Հանգանակը»-ի մեքենայով անհնար կլինի տեղափոխել Ասկերան, ուստի Պատարա, Խանցք, Նորագյուղ եւ Այգեստան գյուղի գյուղապետերը իրենց տարեց գյուղացիների համար պարենամթերքը, դեղանյութերը եւ հիգիենիկ պարագաները ստացան Ստեփանակերտի գրասենյակից:

Հունվարի 18-ին Հանգանակի թիմը առավոտից պատրաստեց 15 շահառուների համար նախատեսված օգնությունը: Բացի Ասկերան քաղաքի 11 շահառուներից, հաշվի առնվեց նաեւ 2 շահառու Խնապատից եւ 2 շահառու Ծաղկաշատից, որոնց համար առաքումը կկազմակերպի Ասկերանի պատասխանատու Թաթուլ  Շեքյանը:

Ասկերանի շահառուների մեծամասնությունը իրենց օգնությունը ստացան Ասկերանի գրասենյակից: Նույն օրը Թաթուլ Շեքյանը առաքեց մնացած շահառուների բաժինը:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: