Հանգանակը դեղերով ապահովում է ավելի շատ շահառուների

Մարտ ամսից Տարեցների ծրագրի հիմնական ծառայությունները մատուցվում են ավելի շատ շահառուների: Լոռու մարզի եւս 21 շահառու ընդգրկվել են ծրագրում: Մի փոքր ուշացումով կատարվեց դեղանյութերի պատվերը միանգամից Երեւանի եւ բոլոր ընդգրկված մարզերի համար՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ արդեն Լոռու մարզի համար նույնպես:

Մարտի 20-ին կատարվեց անհրաժեշտ դեղանյութերի պատվերը, որը հաջորդ օրը, մարտի 21-ին, առաքվեց գրասենյակ: Այդ օրը գրասենյակում աշխուժություն էր տիրում: Բուժաշխատողները առավել ակտիվ շահառուներին հրավիրել են գրասենյակ իրենց նշանակված դեղանյութերը ստանալու, իսկ մնացածներին օրվա երկրորդ կեսին եւ հաջորդ օրերին նրանք պիտի առաքեն տուն, միաժամանակ այցի ընթացքում իրականացնելու հերթական բժշկական ստուգումները:

Ընդհանուր առմամբ 242 շահառուներից 47-ը ստանում են դրամական օգնություն, իսկ մնացած 195 շահառուներից դեղանյութերի կարիք ունեն 184-ը: Ծրագրում ընդգրկված 8 բուժաշխատողները դեղանյութերի առաքումը իրականացնում են հաշված օրերի ընթացքում՝ չնայած բավական մեծ տարածություններին:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ բուժքույրը Մարսելան է, նա միշտ զանգում է, հարցնում է, թե ինչպես է իմ առողջությունը, իսկ դեղերս միշտ ժամանակին հասցնում է», – ասում է տիկին Անյան, – Նա միշտ ժամանակ է գտնում ինձ հետ զրուցելու եւ, չնայած պետք է հետո վերադառնա Արտաշատ, ինձ համար թեյ է պատրաստում եւ մենք իրար հետ թեյ ենք խմում եւ հիշում մեր քաղաքը (Ստեփանակերտը, — խմբ․)…»

Դեղանյութերի առաքումը ավարտված է: Սկսվել է պարենամթերքի առաքումը:

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: