«Հանգանակը»-ը շարունակում է իր աշխատանքը շրջափակման մեջ  

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, «բնապահպանական» պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Արդեն 16-րդ օրն է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Դա նշանակում է, որ օրեցօր ծանրանում է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի հետ կապված:

Ինչպես է դիմակայում շրջափակմանը «Հանգանակ» ՀԿ-ը, ինչպես են շահառուները եւ Հանգանակի աշխատակիցները ապրում Արցախում: Մենք որոշել ենք ամեն օր ձեր ուշադրությանը ներկայացնել մեր շահառուների առօրյան: Պատմել նրանց հույզերի եւ ապրումների մասին, նրանց պարենային պահուստների եւ վաղվա օրվա սպասելիքների մասին:

Նշենք, որ «Հանգանակ» ՀԿ-ը այս տագնապալից օրերին գտնվում է իր 320 շահառուների կողքին: Հաղթահարելով հերթական ֆինանսական ճգնաժամը, Հանգանակի աշխատակիցները շարունակում են ամբողջ ծավալով կատարել իրենց պարտականությունները: Առավել ուշադրության են արժանացել տանը կապված շահառուները, ըստ արժանվույն կատարվում են տնային այցերը, իրականացվում սոցիալական եւ բժշկական ծառայությունները:

Ֆինանսական դժվարությունները որոշ ժամանակով հանգեցրել էին դեղանյութերի մատակարարման դադարեցմանը, որը ստեղծված իրավիճակում հոգեբանորեն ծանր է անդրադարձել շահառուների վրա: Սակայն օրերս ստանալով սպասված ֆինանսավորումը, թիմը արագությամբ ձեռնմուխ է եղել դեղանյութերի տրամադրմանը:

Որոշվել է այս սուղ պայմաններում, բոլոր անհարժեշտ դեղանյութերը հասցնել քրոնիկ հիվանդներին՝ առնվազն 10 օրվա դեղաչափով, ամբողջ ծավալով բավարարել շահառուներին անհրաժեշտ բժշկական նյութերով եւ պարագաներով:

Արդեն շահառուների համար դեկտեմբեր ամսվա պարենամթերքը պատվիրվել է, սակայն, հասկանալի պատճառներով, շարունակվող շրջափակման պայմաններում, այն կտրամադրվի միայն 2023 թվականի հունվար ամսվա սկզբին:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: