«Հանգանակ» հասարակական կազմակերպության 320 շահառուներից դեռ 31-ը մնում են անհայտ: Սակայն որոնումները շարունակվում են:
Նոյեմբերի սկզբից կազմակերպությունը սկսել է դրամական օգնության տրամադրումը: Առ այսօր հայտաբերված շահառուների շուրջ 71 տոկոսը ստացել է իրեն հատկացված գումարը:
Երկուշաբթի օրը «Հանգանակ»- ի պատասխանատուները հանդիպել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում մնացել են անպատասխան: Մասնավորապես, դրամական օգնության տրամադրումը Հայփոստի միջոցով այն շահառուներին, որոնք չունեն բանկային քարտեր, ըստ էության մերժվել է: Մյուս խնդրանքը՝ տալ գրավոր թույլտվություն այցելելու «Հանգանակ»-ի այն շահառուներին, որոնք բնակվում են պետական շուրջօրյա կացարաններում /տուն-ինտերնատներ, ծերանոցներ/, նույնպես չի բավարարվել, պատճառաբանելով, որ նրանց կարող են այցելել միայն ընտանիքի անդամները:
«Հանգանակ»-ի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Աղավնաձորի տուն-ինտերնատը, որովհետեւ այդտեղ են հայտնվել բռնի տեղահանված շատ արցախցիներ, այդ թվում «Հանգանակ»-ի 21 շահառուները: Հանդիպման ընթացքում մեզ հայտնեցին, որ այդ կացարանը կազմակերպվել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորի բազայի շենքում եւ այն ժամանակավոր է: Մեկ ամսվա ընթացքում նախկին 200 բնակիչներից մնացել են մոտ 130-ը, իսկ նոյեմբերի վերջին մնացած բոլոր բնակիչները նույնպես կտեղահանվեն: Այս տեղեկությունը կազմակերպության պատասխանատուներին ստիպեց հրատապ որոշում կայացնել՝ անձամբ հասցնել գումարը Աղավնաձորում բնակվող շահառուներին, թեկուզ նախարարությունը այդպես էլ չտվեց իր թույլտվությունը:
Կարեւոր է նշել, որ Աղավնաձորում բնակվող մեր 21 շահառուներից միայն 5-ն են ստացել կառավարության կողմից հատկացված 100 000-ական դրամները: Մյուսները դեռ սպասում են, այնպես ինչպես խոստացված կենսաթոշակներին: Ավելորդ է նշել, թե ինչքան կարեւոր է այս պահին ցանկացած գումար մեր շահառուների համար:
Նոյեմբերի 14-ին «Հանգանակ»-ը արդեն Աղավնաձորում էր: Մեզ թույլ չտվեցին դարպասներից ներս մտնել, բայց դա մեզ չխանգարեց շահառուներին հրավիրել դուրս եւ կատարել մեր աշխատանքը: Աղավնաձորի մեր 4 անկողնային տարեցներին գումարը հասցրեցին առավել ակտիվ շահառուները:
Աղավնաձորի այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:
Արցախի միայնակ տարեց քաղաքացիների մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում, խնդրում ենք զանգահարել «Հանգանակ»-ի պատասխանատու աշխատակիցներին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 770 900, 097 201 125 կամ 093 248 087: