Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության արտագաղթը կամավոր չի եղել: Դա տեղի է ունեցել Բաքվի ռեժիմի կողմից ձեռնարկված ռազմական գործողության արդյունքում, և Արցախի բնակչությունն այս պարտադրված ընտրությունը կատարել է ուժի կիրառման սպառնալիքի ներքո։
Մեկ շաբաթվա ընթացքում իր մշտական բնակության վայրը՝ Հայրենիքը, որտեղ հազարավոր տարիներ ապրել են իրենց նախնիները, լքել է ավելի քան 100 հազար մարդ, այդ թվում՝ «Հանգանակ» հասարակական կազմակերպության աշխատակիցները և կազմակերպության կողմից խնամվող տարեց միայնակ շահառուները։
Այսօր «Հանգանակ»-ի ավելի քան 300 շահառուները ցրված են ամբողջ Հայաստանով, ուր ուղարկվել են Հայաստանի ընդունման կետերից։ Մենք մտադիր ենք գտնել նրանց՝ մեր հնարավորությունների սահմաններում առաջնային օգնություն ցուցաբերելու համար:
Այդ նպատակով հոկտեմբերի 3-ին «Հանգանակ»-ի անձնակազմն իր առաջին նիստն է անցկացրել Հայաստանում, որի տնթացքում միաձայն որոշում է կայացվել շարունակել կազմակերպության գործունեությունը, որոնել 320 տարհանված շահառուների գտնվելու վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում, իրականացնել կարիքների նախնական գնահատում և, հնարավորությունների սահմաններում, ներգրավել նրանց ընթացիկ և ապագա ծրագրերում:
Այս պահին հայտնի են կազմակերպության 100-ից ավելի շահառուների անուններն ու գտնվելու վայրը։ Եթե որևէ մեկը որևէ տեղեկություն ունի Արցախի միայնակ տարեց քաղաքացիների մասին, խնդրում ենք զանգահարել «Հանգանակ»-ի պատասխանատու աշխատակիցներին հետևյալ հեռախոսահամարներով՝ 097770900, 097201125 կամ 093248087: