Ինչպես մենք տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում, հունվարից մեկնարկել է Տարեցների ծրագիրը Հայաստանում: Ավելորդ է ասել, թե ինչ ոգեւորությամբ են աշխատում Հանգանակի բուժաշխատողները: Պետք է նշել, որ միջավայրը անծանոթ է ոչ միայն շահառուների համար, այլեւ Հանգանակի աշխատակազմի: Բուժքույրերին օգնության են եկել ընտանիքի անդամները, որոնք իրենց մեքենաներով գտնում են ամենադժվար հասցեները: Եվ այսպես, մենք նորից միասին ենք՝ Հանգանակը իր շահառուների հետ: Դա ուժ է տալիս երկու կողմերին՝ նրանք ունեն մեր կարիքը, իսկ մենք՝ իրենց:
Շատ հուզիչ հանդիպումներ են՝ արցունքներով, կարոտով, ջերմությամբ, մեծ հույսով ու հավատով: Բուժաշխատողները կատարում են իրենց աշխատանքը՝ չափում են շահառուների զարկերակային ճնշումը, գլյուկոզային մակարդակը արյան մեջ, սատուրացիան, իսկ բուժքույրերից մեկը նույնիսկ ամուսնու մեքենայում կշեռք է պահում եւ սանտիմետրային ժապավեն, որպեսզի որոշի շահառուների մարմնի զանգվածի ինդեքսը: Ահա այսպես, զինված իրենց պարզ սարքերով Հանգանակի բուժաշխատողները բարեխղճորեն լծվել են գործի: Բայց դա իրենց կատարած աշխատանքի փոքր մասն է: Ամենակարեւորը իրենց սրտաբաց զրույցներն են, որոնց անհամբեր սպասում էին շահառուները:
Այս ջերմ հանդիպումների մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում: