Արարատի մարզի այցից հետո, պլանավորված հաջորդ այցը Արմավիրի մարզն էր: Պատասխանատու բուժաշխատողը Արմավիրում Թաթուլ Շեքյանն է: Արցախում նա Ասկերանի շրջանի պատասխանատուն էր, իսկ Հայաստանում հայտնվելով Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում, նա պատրաստակամությամբ վերցրեց այդ պատասխանատու գործը իր վրա: Հունվարի սկզբին մեկ շաբաթվա ընթացքում նա այցելել էր Արցախից տեղահանված եւ Արմավիրի շրջանում ապաստան գտած բոլոր 20 շահառուներին: Նրանց թվում կային նաեւ Ասկերանի շրջանից տեղահանվածներ: Կատարելով կարիքների նախնական գնահատում, նա ներկայացրել էր անհրաժեշտ դեղանյութերի ցանկը: Հունվարի 30-ին, Հանգանակի թիմը պահեստից ստանալով սննդամթերքի անհրաժեշտ խմբաքանակը եւ դեղանյութերը, շարժվեց դեպի Արմավիր:
Արմավիրում կատարեցինք 8 այց: Բոլոր 8 շահառուները բնակվում էին վարձակալությամբ մենակ կամ Արցախից տեղահանված իրենց բարեկամների հետ: Տպավորությունները նույնն էին, ինչպես եւ Արարատի մարզում: Մարդիկ ընկճված եւ հուսահատ էին:
Շահառուներից 5-ը տառապում էին հիպերտոնիկ հիվանդությամբ, իսկ մեկը ուներ շաքարային դիաբետ: Քանի որ շահառուն դեռ ամբողջությամբ չէր հետազոտվել կցագրված պոլիկլինիկայում, հակադիաբետիկ դեղեր դեռ չէր ստացել, ուստի Հանգանակը նրան տրամադրեց դիաբետոն, որը նա ստանում է արդեն 5 տարի, իսկ հետագայում հակադիաբետիկ դեղանյութերը նա կստանա թաղամասային պոլիկլինիկայից:
Հետազոտված 8 շահառուներից միայն մեկն էր պրակտիկ առողջ, թեեւ գանգատվում էր անքնությունից եւ տագնապային վիճակից: Մենք որոշեցինք հաջորդ այցի ժամանակ հրավիրել հոգեբան: Հոգեբանական ծառայությունները կտրամադրեն Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի մասնագետները:
Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: