Կոտայքի մարզում Հանգանակը ունի 28 շահառու: Այս այցի ընթացքում մենք հանդիպեցինք մեր 8 շահառուների հետ: Սկսեցինք Քասախ գյուղից եւ հասանք մինչեւ Լուսակերտ: Աբովյանում բնակվող 6 շահառուներից մենք հադիպեցինք 4-ի հետ, եւս մեկ շահառու բնակվում էր Վերին Պտղնի գյուղում եւ երկուսը՝ Լուսակերտում: Բոլոր 8 շահառուները բնակվում էին վարձակալությամբ: Կենցաղային պայմանները բավարար էին: Հիմնականում նրանք բնակվում էին բարեկամների ընտանիքների հետ: 8 շահառուներից հինգը հիպերտոնիկ հիվանդություն ունեին: Նրանց Հանգանակը տրամադրեց համապատասխան դեղամիջոցները: Այցի ընթացքում մենք պարզեցինք, որ բոլոր շահառուները գրանցված են թաղամասային պոլիկլինիկաներում, իսկ գյուղական վայերում բնակվողները գրանցվել էին գյուղական ամբուլատորիաներում: Հետազոտվելու համար նրանք ուղեգրով դիմում են Աբովյանի պոլիկլինիկա:
Մենք մեր շահառուներին մի փոքր ուշացումով տրամադրեցինք հունվար ամսվա պարենամթերքը: Մոտակա մի քանի օրում, Կոտայքի մարզի պատասխանատու բուժքույր Անուշ Շեքյանը իր այցերի ընթացքում կբաժանի մնացած 20 շահառուների պարենամթերքը եւ դեղորայքը: Նշեմ, որ Հրազդան քաղաքում եւ մոտակա 3 գյուղերում բնակվում են մեր 13 շահառուները: Կոտայքի մարզի հաջորդ այցը պլանավորել ենք կատարել Հրազդան:
Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: