«Հանգանակի» համագործակցությունը Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի հետ ստանում է կոնկրետ բնույթ  

«Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանի եւ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ եւ «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ հիմնադիր/նախագահ Արթուր Թորոսյանի հանդիպումները դառնում են ավանդույթ: Առաջին հադիպումը, որ կայացավ 2021թվականի օգոստոսի 27-ին, կրում էր ճանաչողական բնույթ:

Հիշեցնենք, որ «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ ՀՀ-ում գործող միակ կազմակերպությունն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում գերիատրիկ և գերոնտոլոգիական ծառայությունների զարգացմանը, ինտեգրված խնամքի ներդրմանը, նպաստել տարեցների ակտիվության, անկախության և հասարակական կյանքում ներգրավվածության պահպանմանը։ Այս ամենը համահունչ են «Հանգանակ» ՀԿ նպատակներին եւ խնդիրներին: Ուստի 2022 թվականի հունվարին նախատեսված հանդիպումը կայացավ, որ ավելի նպատակային քննարկվեն փետրվարի կեսերին կազմակերպվող Խնամողի դպրոցի շրջանակներում խնամքի հմտություններին ուղղված դասընթացները:

Դասընթացներին պետք է մասնակցեն «Հանգանակ» ՀԿ աշխատակազմի 10 բժշկական եւ սոցիալական ծառայությունների մատուցողներ: Դասընթացների համակարգող Լիլիթ Մուրադյանը ներկայացրեց դասընթացների թեորետիկ եւ գործնական թեմաները եւ ժամանակացույցը: Առաջարկվեց, որ 6-օրյա արդեն մշակված ծրագիրը մատուցվի երկու փուլով, որը հնարավոր կդարձնի հիմնավոր գիտելիքների ձեռքբերումը, դասընթացների շարունակական բնութի եւ հետադարձ կապի պահպանումը:

Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Արթուր Թորոսյանը ներկայացրեց այս ընթացքում կազմակերպությունում իրականացվող ծրագրերը եւ վերջին նորությունները: Գոհար Հովհաննիսյանին հետաքրքրեցին գերիատրիկ հիվանդների հետազոտության պլանները եւ նրանց համար մշակվող հաշվետվության ձեւերը: Ասվեց, որ այդ փաստաթղթերը դեռեւս մշակման փուլում են եւ կտրամադրվեն միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատումից հետո:

Գալով դասընթացներին, հիշեցնենք, որ ՀՕՖ-ը խոստացել է ապահովել ծրագրի ֆինանսական կողմը: Լիլիթ Մուրադյանը նշեց, որ դասընթացների կազմակերպման մանրամասները պետք է քննարկվեն ՀՕՖ-ի պատասխանատուների հետ:

Հետեւեք մեր թարմացումներին մեր կայքի նորությունների էջում: