Հանգանակի շահառուներին մարտի սկզբից տրամադրվում է հերթական հումանիտար օգնությունը

Արդեն դարձել է ավանդույթ ստանալ աջակցություն հումանտար կառույցների կողմից: Այս անգամ Հանգանակը ստացավ մոտ 8 տոննա հումանիտար օգնություն իր 320 շահառուների համար: Օգնությունը տրամադրվում է 2 առանձին ծավալուն արկղներում՝ ավելի մեծ արկղում ամփոփված է պարենամթերքը մոտ 16 կգ-ի չափով եւ ավելի փոքրը՝ հիգիենայի պարագաներով:

Նախորդ ամսվա ընթացքում կատարվել է հեռախոսային հարցախույզ շահառուների շրջանում՝ հասկանալու նրանց առաջնահերթ կարիքները եւ կարծիքը նախորդ՝ հունվար ամսին տրամադրված հումանիտար օգնության վերաբերյալ: Հաշվի առնելով հարցախույզի արդյունքները, կազմվել է ներկայումս տրամադրվող օգնության քանակը եւ տեսականին:

Մարտի 3-ից արդեն շահառուները ակտիվ այցելում են գրասենյակ՝ ստանալու այդքան անհրաժեշտ օգնությունը: Ստեփանակերտի շահառուները հիմնականում իրենք են գալիս գրասենյակ՝ ստանալու պարենամթերքն ու հիգիենայի պարագաները, քանի որ գիտեն, վառելանյութի բացակայության պայմաններում առաքումը դարձել է խնդրահարույց: Սակայն անկողնային եւ հաշմանդամություն ունեցող շահառուներին օգնությունը առաքվում է սոցաշխատողների եւ բուժքույրերի միջոցով:

Առ այսօր հումանիտար օգնություն տրամադրվել է շահառուների ավելի քան 65%-ին: Հաջորդ շաբաթ կկազմակերպվի այց Ասկերան՝ տրամադրելու օգնությունը Ասկերանի շրջանի շահառուներին: Վառելանյութի համար Հանգանակը դիմել է համապատասխան կառույցների՝ Ասկերանի այցը կազմակերպելու համար:

Շուտով մենք կպատմենք նաեւ Ասկերանի այցի մասին: Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում Հանգանակի գործունեության մասին:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: