Դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Ստանալով ֆինանսավորումը, պարզ դարձավ, որ նույնիսկ ունենալով դրամական միջոցներ, Հանգանակի կողմից պարենամթերքի տրամադրումը կարող է լինել խնդրահարույց: Ինչ մթերքներ են հասանելի եւ ինչպես կարելի է դրանք ձեռք բերել՝ մի խնդիր է, որ կանգնած է ամբողջ Արցախի բնակչության առաջ: Սա այն դեպքն է, երբ խոցելի է ամբողջ Արցախի բնակչությունը, եւ, առավելապես, կազմակերպության շահառուները՝ միայնակ տարեցները:
Ուստի կազմակերպությունը դիմեց հումանտար կառույցների, որոնց հետ համագործակցում է երկար տարիներ: Բարեբախտաբար, պատասխանը շատ չուշացավ եւ ամանորյա տոներից անմիջապես հետո, Հանգանակը ստացավ մոտ 6 տոննա հումանիտար օգնություն իր 320 շահառուների համար:
Հունվարի 9-ից Հանգանակը սկսել է տրամադրել պարենային օգնություն: Առ այսօր արդեն 233 շահառու ստացել են իրենց պարենամթեքը: Ստեփանակերտի շահառուները հիմնականում իրենք են գալիս գրասենյակ՝ ստանալու պարենամթերքը, քանի որ գիտեն, վառելանյութի բացակայության պայմաններում առաքումը դարձել է անհնար: Եւս 3 շահառու Ասկերանի շրջանից ստացել են իրենց հասանելիք օգնությունը անմիջապես Հանգանակի գրասենյակից:
Մոտ օրերս կկազմակերպվի այց Ասկերան՝ տրամադրելու պարենամթերքը Ասկերանի շրջանի բոլոր շահառուներին: Վառելանյութի համար Հանգանակը դիմել է համապատասխան կառույցների՝ Ասկերանի այցը կազմակերպելու համար:
Շուտով մենք կպատմենք նաեւ Ասկերանի այցի մասին: Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում Հանգանակի գործունեության մասին:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: