«Հանգանակի» շահառուն շարունակում է ապրել պատերազմի ժամանակ քանդված տանը` օգնության հույսով

Արինա Ֆ.-ի մասին պատմել ենք մեր «Դիտակետում» շարքում` ներկայացնելով նրա դրամատիկ կենսագրությունը: Այսօր Արինան նորից հայտնվել է դիտակետում՝ ստանալով ճակատագրի հերթական հարվածը…

Արինան ամուսնու հետ ապրում էր իրենց սեփական երկու սենյականոց կիսամութ տանը, որի կենցաղային պայմանները միջինից ցածր էին։ Սակայն նրանք չէին դժգոհում եւ ապրում էին փառք տալով Աստծուն, որ տանիք ունեն գլխավերեւում:

Արցախյան երրորդ պատերազմի օրերին նա ամուսնու հետ տեղափոխվել էր Երեւան՝ ապաստարան գտնելով բարեկամների մոտ: Պատերազմի հենց առաջին օրերին ռմբակոծվեց նաեւ իրենց թաղամասը՝ ավիրելով մոտակայքի բնակելի տները: Մեծապես վնասվեց նաեւ իրենց տունը՝ փլուզվել էր տան զգալի մասը: Ամուսինն էլ Երեւանում լսելով ու տեսնելով իրենց քանդված տան լուսանկարները սրտի կաթված ստացավ ու մահացավ միչեւ պատերազմի ավարտը։

Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Արինան տեղափոխվեց Ստեփանակերտ ու մինչ օրս վախը սրտում ապրում է այդ ավիրված տանը` առանց մինիմալ կենցաղային պայմանների` մտածելով, որ մի օր էլ կփլուզվի նաեւ տան մնացած մասը։

Արինան ապրում է այն հույսով, որ պետությունը մի օր կհոգա իր մասին եւ իրեն կապահովի, ինչպես ինքն է ասում, իրեն հասանելիք 9 քառակուսի. մետր տարածքով, որտեղ նա կապրի իր կյանքի մնացած օրերը…

Արինան «Հանգանակի» շահառու է 2010 թվականից։