Հանգանակում մեկնարկեց հոգեբանական աջակցության ծառայություն

Հոգեբանական ծառայությունների անհրաժեշտության մասին միշտ խոսվել է, հաշվի առնելով «Հանգանակ» ՀԿ շահառուների առողջական, սոցիալական եւ տնտեսական կարգավիճակը: Առանձնահատուկ հոգեբանական ծառայությունների անհրաժեշտություն զգացվեց պատերազմից հետո, երբ շահառուների շարքերը լրացվեցին բռնագաղթված տարածքներից տարհանված միայնակ տարեցները: 2022 թվականի Տարեցների ծրագիր-առաջարկում ներկայացվեց նաեւ հոգեբանական ծառայությունները՝ որպես կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների բաղկացուցիչ մաս: Ծրագիր-առաջարկը քննարկվեց ՀԿԲՄ խորհրդում եւ հավանության արժանացավ մարտի վերջին: Այսպիսով, ապրիլին «Հանգանակ» ՀԿ եւ «Էմպատիա» Հոգեկան առողջության կենտրոնի միջեւ կնքվեց համագործաակցության պայմանագիր՝ ըստ որի Կենտրոնի մասնագետները պարտավորվում են անհատական եւ խմբային հոգեբանական ծառայություններ մատուցել կազմակերպության շահառուներին:

Խմբային քննարկումները որոշվեց անցկացնել յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 14:00-ին 6-12 մասնակիցներով: Մասնագետների հավաստմամբ այդպիսի խմբերում արձանագրվում են լավագույն արդյունքներ: Միաժամանակ Կենտրոնի մասնագետները կիրականացնեն անհատական հոգեբանական խորհրդատվություն առավել խոցելի շահառուների համար՝ տանը, հաշվի առնելով նրանց նախընտրությունը:

Ըստ պայմանավորվածության եւ նախօրոք մշակված գրաֆիկի, առաջին խմբային հոգեբանական սեանսը տեղի ունեցավ ապրիլի 21-ին «Հանգանակ» ՀԿ գրասենյակում: Կենտրոնը առաջարկեց նաեւ իրենց գրասենյակը օգտագործել, որպես հանդիպումների վայր, որը կարող է թարմություն մտցնել շահառուների առօրյայում, բացի դրանից, ինչպես նշեցին, նրանք ունեն հոգեբանական տարբեր գործիքներ՝ շահառուների հետ աշխատելու համար:

Առաջին հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, սակայն ի զարմանս մասնագետների, շահառուները բավականին բաց էին եւ պատրաստ համագործակցելու: Մասնակիցների մեծ մասը Շուշիից տարհանվածներ էին, որոնք շատ բան ունեին ասելու: Բոլորին տրամադրվեց այնքան ժամանակ, ինչքան նրանք պատրաստ էին խոսելու: Հանդիպումը անցավ շատ ջերմ եւ փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման մթնոլորտում: Ավելի քան 2 ժամ տեւած հանդիպումից մասնակիցները հեռացան բավարարվածության եւ նորից հանդիպման մեծ ցանկության զգացումով:

Շահառուների հեռանալուց հետո, մասնագետների հետ քննարկվեց հոգեբանական սեանսների համար կազմակերպության գրասենյակում լավագույն միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը: Պարզվեց, որ լավագույն տարբերակը դա հարմարավետ աթոռների շրջանաձեւ դասավորությունն է, առանց սեղանների եւ այլ լրացուցիչ կահույքի, որը կարող է խոչընդոտել անմիջական հաղորդակցությանը: Այդպիսի միջավայր ստեղծելը կազակերպության գրասենյակում դժվարություն չի ներկայացնում, քանի որ այն բավական ընդարձակ է եւ հարմարավետ:  Հաջորդ հանդիպումը կլինի ապրիլի 28-ին:

Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված կազմակերպության վերջին նորություններին: