Հանգանակում շարունակվում է հումանիտար օգնության տրամադրումը շահառուներին

Հունվարի 17-ին Հանգանակը իր 320 շահառուների համար կրկին ստացավ հումանիտար օգնություն՝ այս անգամ հիգիենիկ պարագաներ: Տեւական շրջափակումը բերել է նաեւ կենցաղային սպառողական ապրանքների սուր կարիքի, որը չի կարող չանդրադառնալ ընդհանուր կենցաղի եւ անուղղակիորեն նաեւ մարդկանց առողջության եւ բնականոն կյանքի վրա: Ուստի այս աջակցությունը շատ պահանջված եւ ժամանակին է:

Առավոտից ստանալով լայնածավալ հումանիտար օգնությունը, Հանգանակը անմիջապես ձեռնմուխ եղավ շահառուներին իրազեկելու, որ կարող են արդեն իսկ ներկայանալ գրասենյակ՝ ստանալու հիգիենայի պարագաներ եւ նյութեր: Վառելիքի սղության պատճառով, առաքումը դժվարացել է: Այն միայն իրականացվում է անկողնային հիվանդներին:

Հունվարի 18-ին պլանավորվում է այց Ասկերան՝ հումանիտար օգնության եւ դեղանյութերի տրամադրման համար: Նշենք, որ կրկին դեղատները ստացել են սահմանափակ քանակով դեղանյութեր եւ Հանգանակը 2023 թվականին առաջին անգամ ձեռք է բերել դեղանյութերի անդրանիկ խմբաքանակը:

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված կազմակերպության աշխատանքներին:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: