Նախորդ շաբաթվանից «Հանգանակ» ՀԿ-ում եռուզեռ է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցաշխատողները շատ լարված են այս օրերին: Նրանք աշխատում են պարենային օգնությունը առաքել իրենց խնամքի տակ գտնվող շահառուներին հնարավորինս շուտ: Բացի աշխատակիցներից, գրասենյակ են այցելում նաեւ առավել ակտիվ շահառուները՝ անձամբ ստանալու պարենային օգնությունը եւ դեղանյութերը՝ ըստ անհրաժեշտության:
Արդեն եղանակը բավականին ջերմացել է եւ սովորաբար Հանգանակի գրասենյակը մարդաշատ է լինում: Առանձնահատուկ այն մարդաշատ է պարենամթերքի տրամադրման օրերին: Մի քանի օր առաջ տրվել է հոգեբանական ծառայությունների մեկնարկը եւ շահառուները ցանկություն են հայտնել ավելի հաճախ հանդիպումների կազմակերպման: Հաշվի առնելով պանդեմիայի հետ կապված իրավիճակի բարելավումը, որոշվել է վերսկսել ամենշաբաթյա կինոցուցադրումները եւ հոգեւոր դասերը: Տարեցները այցելելով գրասենյակ պարենամթերք ստանալու, չեն շտապում հեռանալ: Նրանք կարիք ունեն սոցիալական ակտիվության՝ հաղորդակցվելու, հաճելի ժամանակ անցկացնելու իրար հետ, կիսվելու իրենց հետաքրքրող հարցերի շուրջ: Այս օրերին բոլորին հետաքրքրում է Հայաստանում տիրող լարված իրավիճակը, բոլորը ակտիվ քննարկում են վերջին զարգացումները եւ հույս հայտնում քաղաքական իշխանափոխության:
Գրասենյակ են այցելում նաեւ Ասկերանի շրջանի որոշ գյուղերի գյուղապետեր՝ ստանալու իրենց տարեց համագյուղացիների պարենային օգնությունը: Շաբաթվա ընթացքում նախատեսվում է իրականացնել Ասկերանի շրջանի պարենամթերքի առաքումը:
Այս շաբաթ Հանգանակի համար իրադարձություններով հարուստ շաբաթ էր: Կնքվել են պայմանագրեր, իրականցվել են վաղուց սպասված հանդիպումներ եւ պարենամթերքի տրամադրումը լրացրել է իրադարձությունների շարքը:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: