«Հանգանակ» ՀԿ նախորդ շաբաթվանից շարունակում է սեպտեմբերի ամենամսյա պարենամթերքի տրամադրումը: Սովորության համաձայն, շահառուների ավելի ակտիվ մասը նախընտրում է այցելել գրասենյակ՝ ստանալու պարենամթերքը եւ նշանակված դեղանյութերը: Ինչպես միշտ, գրասենյակ այցելելով նրանք նաեւ հետազոտվում են:
Մթերքի առաքումը կատարվում է ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ: Երկուշաբթի օրվա դրությամբ, առաքվել էր նախատեսվածի 70%-ը:
2021 թվականի սեպտեմբերի մթերքը պատվիրվել է 2020 թվականի սեպտեմբերի մթերքին համապատասխան՝ հասկանալու համար ԱՀ-ում դիտվող մթերքների գնաճը: Դա կօգնի 2022 թվականի բյուջեյի նախահաշիվը կազմելու համար:
Հադրութից տեղահանված Լեւոն Գ. ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ հեռուստացույց էր խնդրել: Գալով գրասենյակ նա իր ամենամսյա պարենամթերքի եւ դեղանյութերի հետ ստացավ նաեւ խոստացած հեռուստացույցը:
Թաթուլ Շեքյանը իրականացրել է Ասկերանի շրջանի շահառուների պարենամթերքի տրամադրումը: Նա կազմակերպել է նաեւ դեղանյութերի առաքումը:
Ասկերանի շրջանի շահառուներից որոշները նույնպես գերադասում են այցելել գրասենյակ՝ հետազոտվելու, ստանալու պարենամթերքը եւ դեղանյութերը, ինչպես նաեւ ունենալ հաճելի ժամանց Հանգանակի անձնակազմի հետ:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առաջ: