«Հանգանակ»-ի անձնակազմը սկսել է աշխատանքային շաբաթը մեծ ոգեւորությամբ

Ապրիլ ամսում ֆինանսավորման բացակայության պատճառով «Հանգանակի» շահառուները չէին ստացել անհրաժեշտ դեղանյութերը: Ինչ վերաբերում է պարենամթերքին, ապա մարտ ամսում տրամադրված ծավալուն հումանիտար օգնությունը բավականացրեց նաեւ ապրիլին: Ուստի շահառուների հիմնական կարիքները կապված էին դեղանյութերի հետ:

Ապրիլի ընթացքում կազմակերպությունը շարունակում էր բանակցությունները՝ կառավարության կողմից աջակցություն ստանալու նպատակով: Միեւնույն ժամանակ ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խումբը շարունակում էր նոր՝ 2023 թվականի բյուջեի քննարկումները: Հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը հնարավոր եղավ հաջողությամբ ավարտել, ապա քննարկումները վերաբերում էին 2-4-րդ եռամսյակներին:

Ի ուրախություն «Հանգանակ»-ի աշխատակազմի եւ առանձնապես նրա շահառուների, ինչպես առաջին, այնպես էլ երկրորղ բանակցությունները ունեցան դրական արդյունք: ՀԿԲՄ խորհուրդը միաձայն որոշեց շարունակել ֆինանսավորել Տարեցների ծրագիրը այն ծավալով, ինչ ծավալով ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խումբը ներկայացրել էր այն՝ վերջին խմբագրումներից հետո: Դրան ավելացնելով պետական աջակցությունը, որը կկազմի ծրագրի ընդհանուր ծախսերի մոտ 15%-ը, կարելի է վստահաբար ասել, որ Տարեցների ծրագիրը կունենա հաջող ընթացք նաեւ 2023-ին: Սա հրաշալի առիթ է «Հանգանակ» ՀԿ անձնակազմի եւ շահառուների անունից խորին երախտագիտություն հայտնել ՀԿԲՄ-ին շուրջ 19 տարի գտնվելու Արցախի ամենախոցելի խավի՝ միայնակ տարեցների կողքին:

Այսօր շրջափակման 143-րդ օրն է: «Հանգանակ» ՀԿ անձնակազմը հավաքվել է գրասենյակում եւ մեծ ոգեւորությամբ լծվել աշխատանքի: Այսօր նրանք գիտեն, թե ինչ կպատասխանեն շատ սիրելի տատիկների այն հարցին, թե երբ կլինեն իրենց անհրաժեշտ դեղերը: «Դեղերը պատվիրել ենք, շուտով կստանաք», _ արդեն որերորդ հեռախոսազանգին պատասխանում են բուժքույրերը:

Դեղանյութերը արդեն տրամադրվում են: Ներկայիս մութ իրականության մեջ սա հազվադեպ պատահող լուսավոր իրողությունն է:

Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում ապրող մեր շահառուների խնդիրներին: