Արդեն երկրորդ շաբաթն է, որ Հանգանակում եռուզեռը շարունակվում է: Շահառուների ավելի քան 90 տոկոսը արդեն ստացել են ամենամսյա պարենամթերքը: Մայիսում որոշվել է, որ մթերքների բազմազանության համար, ինչպես նաեւ սպիտակուցներ/ածխաջրեր բալանսը ապահովելու համար, պարենային ցանկում ավելացնել պահածոյացված կանաչ ոլոռ:
Այսպիսով, մայիս ամսվա ցանկը բաղկացած է 1լ բուսայուղից, 1 տուփ թեյից, 1 կգ շաքարավազից, 1 կգ բրնձից, 1 կգ հնդկաձավարից եւ մեկ տուփ պահածոյացված ոլոռից: Պարենամթերքի հետ միաժամանակ տրամադրվել են անհրաժեշտ դեղանյութեր եւ մեկ ամսվա պահանջարկին համապատասխան քանակով ինսուլինային ներարկիչներ՝ ինսուլինակախյալ հիվանդներին:
Արդեն երկրորդ ամիսն է, որ անկողնային հիվանդներին տրամադրվում է անհրաժեշտ քանակությամբ անմիզապահության տակդիրներ: Այս ամսում նույնպես վերջիններս տրամադրվեցին անկողնային 6 հիվանդների:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցաշխատողները պարենային օգնությունը առաքել են իրենց շահառուներին 2-3 օրերի ընթացքում:
Առավել ակտիվ շահառուները գրասենյակ են այցելում անձամբ ստանալու պարենային օգնություն, դեղանյութեր եւ բժշկական պարագաներ՝ ըստ անհրաժեշտության: Տարեցները այցելելով գրասենյակ պարենամթերք ստանալու, չեն շտապում հեռանալ: Նրանք կարիք ունեն սոցիալական ակտիվության՝ հաղորդակցվելու, հաճելի ժամանակ անցկացնելու իրար հետ, կիսվելու իրենց հետաքրքրող հարցերի շուրջ: Այս օրերին ակտիվ քննարկումներ են գնում քաղաքական հարցերի շուրջ:
Ասկերանի շահառուները նույնպես հիմնականում ստացել են մայիս ամսվա համար նախատեսված իրենց անհրաժեշտ դեղանյութերը եւ պարենամթերքը:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: