«Հանգանակ»-ի շահառուները դեղանյութերով ապահովված են

2022 թվականի վերջին «Հանգանակ»-ը պատվիրեց դեղանյութեր, որ հնարավորինս կարողանա ապահովել քրոնիկ հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցներով: Այդ օրերին ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախի դեղատներին տրամադրվել էր որոշակի քանակությամբ բժշկական պարագաներ, մանկական սնունդ եւ դեղամիջոցներ: Շրջափակման պայմաններում ստացած դեղամիջոցները ամբողջությամբ չէին բավարարում շահառուների պահանջը՝ մեկ ամսվա կտրվածքով, ինչպես սովորաբար «Հանգանակ»-ը տրամադրում էր իր տարեցներին: Ուստի որոշվեց ապահովել առաջիկա 2 շաբաթվա կարիքը՝ ավելի շատ շահառուների բավարարելու համար: Առաջնահերթությունը տրվում էր հիպերտոնիկ եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, շաքարային դիաբետով, ասթմայով, հոգեկան խանգարումներով եւ արթրիտներով տառապող շահառուներին:

2023 թվականին արդեն երկրորդ անգամ «Հանգանակ»-ը պատվիրում է անհրաժեշտ դեղանյութերը, բժշկական պարագաները, այդ թվում ինսուլինային ներարկիչները, եւ ամբողջությամբ ստանում պատվերը: Բարեբախտաբար, ԿԽՄԿ համագործակցելով ԱՀ առողջապահության նախարարության հետ, հնարավոր է դարձրել շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությանը գոնե դեղանյութերով ապահովումը: Այս պահին, կարելի է ասել, որ «Հանգանակ»-ի շահառուները ամբողջությամբ բավարարված են դեղանյութերով:

Այսօր շրջափակման 45-րդ օրն է: «Հանգանակ»-ը արդեն պատվիրել է պարենամթերքը եւ մոտ օրերս շահառուներին կտրամադրվի թռչնամիս, պահածոյացված լոլիկ եւ տեղական արտադրության ջեմ:

Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում ապրող մեր շահառուների խնդիրներին: