Փետրվար ամսում արդեն երկրորդ անգամ «Հանգանակ»-ը պատվիրել է անհրաժեշտ դեղանյութերը եւ ստացել պատվերները ամբողջությամբ: Ամսվա վերջում կլինի եւս մեկ պատվեր՝ այդ թվում ինսուլինային ներարկիչներ եւ անմիզապահության պարագաներ: Ընդհանուր առմամբ, կարելի է հաղորդել, որ դեղանյութերի եւ բժշկական պարագաների պակաս Արցախում հիմնականում չկա: Պետք է այս գործում հատուկ նշել ԿԽՄԿ դերակատարությունը:
Այսօր շրջափակման 73-րդ օրն է: Թշնամական կողմը կոպտորեն խախտում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Անմարդկային ջանքերով հումանիտար կառույցները փորձում են փրկել 120000 ժողովրդին հումանիտար աղետից: Մարդիկ դիմակայում են, սակայն առավել խոցելի խմբերը՝ առանձնապես մեծահասակները, շատ զգայուն են տեղի ունեցող շարունակական սթրեսների նկատմամբ: Էլեկտրականության պարբերաբար անջատումներ, գազամատակարարման խափանումներ, սննդամթերքի պակաս, պատերազմի սպառնալիք… Այս ամենը չի կարող չանդրադառնալ մարդկանց առողջության վրա: Պատահական չէ, որ վերջին երկու ամիսներին «Հանգանակ»-ի շահառուների մոտ մահացության դեպքերը ավելացել են 3-3.5 անգամ: Մենք դեռ կանդրադառնանք մեր կողմից արձանագրված վիճակագրությանը: Իսկ առայժմ, «Հանգանակ»-ը ուղղակի կանգնած է իր 320 շահառուների կողքին՝ փորձելով թեթեւացնել նրանց կյանքը Արցախի համար այս օրհասական պահին:
Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում ապրող մեր շահառուների խնդիրներին: