«Հանգանակ»-ի շահառուներին շարունակվում է տրամադրվել հումանիտար օգնությունը

Ստեփանակերտ Շաբաթաթերթ — Դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Հետաքրքիր էր՝ այս պայմաններում «Հանգանակ» ՀԿ շահառուներին տրամադրվո՞ւմ է հումանիտար օգնություն, թե՞ իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է այդ գործընթացը:

Պարզելու համար, զրույցի հրավիրեցինք տնօրեն Գոհար Հովհաննիսյանին:

Ինչպես տեղեկացանք վերջինից, «Հայ կանանց բարեկեցության միություն»-ից (AWWA) ստանալով ֆինանսավորում, պարզ դարձավ, որ նույնիսկ ունենալով դրամական միջոցներ՝ «Հանգանակ»-ի կողմից պարենամթերքի տրամադրումը կարող է լինել խնդրահարույց, քանի որ պարզ չէր, թե ինչ մթերքներ են հասանելի և ինչպես կարելի էր դրանք ձեռք բերել:

— Սա այն դեպքն է, երբ խոցելի է Արցախի ողջ բնակչությունը, և, առավելապես, կազմակերպության շահառուները՝ միայնակ տարեցները: Ուստի կազմակերպությունը դիմեց հումանտար կառույցների, որոնց հետ համագործակցում է երկար տարիներ շարունակ: Բարեբախտաբար, պատասխանը շատ չուշացավ և «Հանգանակ»-ը  ստացավ մոտ 6 տոննա հումանիտար օգնություն իր 320 շահառուների համար,- նշեց տնօրենը:

Հունվարի 9-ից«Հանգանակ»-ը սկսեց տրամադրել պարենային օգնություն: Ստեփանակերտի շահառուները հիմնականում իրենք էին գալիս գրասենյակ՝ ստանալու պարենամթերքը, քանի որ գիտեն, վառելանյութի բացակայության պայմաններում առաքումը դարձել է անհնար:

Հունվարի 17-ին «Հանգանակ»-ն իր 320 շահառուների համար կրկին ստացավ հումանիտար օգնություն՝ այս անգամ հիգիենիկ պարագաներ: Տևական շրջափակումը բերել է նաև կենցաղային սպառողական ապրանքների սուր կարիքի, որն անհնար էր չանդրադառնար ընդհանուր կենցաղի և անուղղակիորեն նաև մարդկանց առողջության և բնականոն կյանքի վրա: Ուստի ինչպես նշեց Գոհար Հովհաննիսյանը, այս աջակցությունը շատ պահանջված և ժամանակին է:

Վառելիքի սղության պատճառով առաքումը դժվարացել է: Այն միայն կատարվում է անկողնային հիվանդների համար:

Իսկ քանի որ դեղատները ստացել են սահմանափակ քանակով դեղանյութեր, ուստի «Հանգանակ»-ը 2023 թվականին առաջին անգամ ձեռք բերեց դեղանյութերի անդրանիկ խմբաքանակը:

Հունվարի 18-ին «Հանգանակ»-ի թիմն իրականացրեց երկար սպասված այցը Ասկերան: Հաշվի առնելով վառելիքի պակասը, որոշվեց սպասել դեղանյութերի ստացմանը, որ առաքումը կատարվի միաժամանակ: Այդ ընթացքում «Հանգանակը» հումանիտար ճանապարհով ստացավ նաև հիգիենիկ պարագաներ, ուստի Ասկերանի շահառուներին սպասվում էր եռակի օգնություն՝ պարանամթերք, դեղանյութեր և հիգիենիկ պարագաներ:

— Ասկերանի շահառուների մի մասն անձամբ նախորդ շաբաթ ներկայացել էր գրասենյակ իր հասանելիք պարենամթերքը ստանալու: Գյուղապետերին տեղեկացվեց, որ մեծ քանակությամբ հումանիտար բեռը «Հանգանակը»-ի մեքենայով անհնար կլինի տեղափոխել Ասկերան, ուստի Պատարա, Խանցք, Նորագյուղ և Այգեստան գյուղերի գյուղապետերն իրենց տարեց գյուղացիների համար պարենամթերքը, դեղանյութերը և հիգիենիկ պարագաները ստացան Ստեփանակերտի գրասենյակից: Հունվարի 18-ին «Հանգանակ»-ի թիմն առավոտից պատրաստեց 15 շահառուների համար նախատեսված օգնությունը: Բացի Ասկերան քաղաքի 11 շահառուներից, հաշվի առնվեց նաև 2 շահառու՝ Խնապատից և 2 շահառու՝ Ծաղկաշատից, որոնց համար առաքումը կազմակերպեց Ասկերանի պատասխանատու Թաթուլ Շեքյանը,- տեղեկացրեց Գ. Հովհաննիսյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԲԱՅԱՆ