Մարտի 1-ին տեղի ունեցավ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուների հանդիպումը «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանի հետ, որը Արցախում «Ավրորայի» գրասենյակի պատասխանատուն է:
Նարինե Աղաբալյանը ծանոթ է «Հանգանակ»-ի հետ գրեթե կազմակերպության հիմնադրման պահից: Դեռեւս 2005 թվականի գարնանը նա, լինելով Արցախի հանրային հեռուստատեսության առաջատար լրագրողներից մեկը, պատրաստել է առաջին լայնածավալ հեռուստահաղորդումը կազամակերպության գործունեության մասին: Եվ ահա ավելի քան 17 տարի հետո նորից մեր ճանապարհները հատվել են՝ արդեն գործնական առիթով: 2021 թվականին ՀԿԲՄ /AWWA/ մասնակցել է «Ավրորայի» դրամաշնորհային մրցույթին եւ հայտնվել հաղթող 14 լավագույն ծրագրերի շարքում: Ծրագիրը պետք է իրականացնի «Հանգանակ»-ը: Այս առիթով եղել են մի շարք հեռախոսային քննարկումներ, իսկ այս հանդիպումը նվիրված էր արդեն ծրագրի կյանքի կոչելու գործնական քայլերին՝ սկսած պայմանագրի հաստատումից մինչեւ ֆինանսավորման ժամանակացույցի որոշումը եւ հետագա հաշվետվությունների ներկայացման կարգը:
Շատ ջերմ հանդիպում էր: Նարինե Աղաբալյանը քաջատեղյակ լինելով Արցախի բնակչության հիմնահարցերին եւ այն մարտահրավերներին, որ այսօր ծառացել են մարդկանց եւ երկրի առջեւ, ավելի քան որեւէ մեկը կարողանում է գտնել ամենաիրատեսական եւ իրագործելի ծրագրերը, որ առկա պայմաններում կգտնեն ամենարդյունավետ լուծումները: Ունենալով հսկայական փորձ եւ գիտելիքներ գրեթե բոլոր բնագավառներում, նա ներկայացրեց Ավրորայի եւ առհասարակ հիմնադրամների պահանջների բոլոր նրբությունները՝ ծրագրերի արդունավետ եւ տեսանելի իրականացման համար:
Այդ հանդիպումը նման էր զրույց-դասախոսության կամ խորհրդատվության, որ շատ ոգեւորիչ էր, միաժամանակ պարտավորեցնող: Նա շատ օրինակներ բերեց իր փորձից եւ ներկայումս իրականացվող ծրագրերից: Պատմեց «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի զարգացման ոչ երկար, բայց հարուստ պատմությունը: Շատ ուսանելի եւ հագեցած զրույց ստացվեց: Նրա առաջարկած գործունեության ոճի ներդրումը կարող է դառնալ շրջադարձային կազմակերպության գործունեության մեջ:
Վերջում Նարինե Աղաբալյանը խոստացավ ապրիլի այցելել կազմակերպության գրասենյակ 2021 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր կոնգոյացի իրավապաշտպան Ջուլիեն Լուսենգենի հետ: