«Հանգանակ» ՀԿ նախագահը շահառուների համար օրինակ է ծառայել՝ ստանալով Sputnik V պատվաստանյութի իր առաջին դեղաչափը

«Հանգանակ» ՀԿ վերջին կոորդինացիոն միտինգի ժամանակ բուժաշխատողներին առաջադրվել է ներկայացնել շաքարային դիաբետով տառապող շահառուների քանակը: Այսպիսով, «Հանգանակ» ՀԿ խնամքի տակ գտնվող 300 շահառուներից 30-ը ունեն շաքարային դիաբետ, որը կազմում է շահառուների 10%-ը: Նշված 30 դիաբետիկներից 5-ը կախված են ինսուլինից: Եվս մեկ պացիենտ, որի մոտ վերջին հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է երիկամային անբավարարություն, պետք է անցնի ինսուլինային թերապիայի:

Հաջորդ առաջադրված խնդիրը արձանագրված կովիդային դեպքերի քանակն է: Այսպիսով, ընդհանուր առմամբ արձանագրվել են 18 կովիդային դեպք սկսած 2020 թվականի մարտ ամսից, որոնցից 16 հոգի կարողացել են հաղթահարել հիվանդությունը, իսկ 2 դեպք, դժբախտաբար, ունեցել է լետալ ելք:

Պատերազմի հետեւանքով 17 շահառուների բնակարաններ վնասվել են, որոնցից 12 բնակարաններ ամբողջովին վերականգնվել են պետական միջոցներով, 2 բնակարաններ վերանորոգվում են ներկա պահին, իսկ 3 բնակելի տուն անհնար է վերականգնել:

Շատ կարեւոր խնդիր է Կովիդ 19-ի դեմ շահառուների եւ անձնակազմի վակցինացիան: Բուժաշխատողներին առաջադրվել է ինտենսիվ բացատրական աշխատանքներ կատարել շահառուների շրջանում եւ վերջիններիս պատրատել պատվաստման: Այսօր ՝ հունիսի 10-ին, «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը ստացել է Sputnik V պատվաստանյութի իր առաջին դեղաչափը: