Հանդիպում «Ավրորա» հիմնադրամի գրասենյակում

Հուլիսի 1-ին ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը եւ «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը հանդիպեցին «Ավրորա» հիմնադրամի ֆինանսական տնօրեն Զարուհի Հայրապետյանի հետ: Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀԿԲՄ /AWWA/ մասնակցել է «Ավրորայի» դրամաշնորհային մրցույթին եւ հայտնվել հաղթող 14 լավագույն ծրագրերի շարքում: Ծրագիրը պետք է իրականացվի «Հանգանակ» ՀԿ կողմից: Այս առիթով Գոհար Հովհաննիսյանը սույն թվականի մարտի 1-ին հանդիպել էր «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանի հետ: Ցավոք, Նարինե Աղաբալյանը Արցախում էր, ուստի Մարգարիտ Քիլաջյանը  չկարողացավ հանդիպել անձամբ նրա հետ, սակայն նրա միջնորդությամբ տեղի ունեցավ այս հանդիպումը, որը ունեցավ Մարգարիտ Քիլաջյանի համար ճանաչողական բնույթ:

Զարուհի Հայրապետյանը սիրով ընդունեց այցելուներին Բաղրամյան 6-ում, որտեղ տեղակայված է  «Ավրորա» հիմնադրամի երեւանյան գրասենյակը: Մարգարետ Քիլաջյանը համառոտ պատմեց ՀԿԲՄ /AWWA/ եւ նրա կողմից իրականացվող ծրագրերի մասին, առանձնահատուկ շեշտադրելով վերջինիս կողմից ֆինանսավորվող ՀԽՎԿ /ANRC/ խնդիրների մասին; Զարուհի Հայրապետյանը իր հերթին ներկայացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունը եւ «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը: Քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես շարունակական համագործակցության հնարավորությունը: Գոհար Հովհաննիսյանը իր հերթին պատմեց «Հանգանակ» ՀԿ առաջ ծառացած ֆինանսական դժվարությունների մասին՝ կապված դոլարի արժեզրկման եւ շարունակական գնաճի հետ:

Հանդիպումը շատ գործնական եւ կառուցողական էր: Որոշվեց, որ «Հանգանակ» ՀԿ հաշվապահը կարող է այցելել «Ավրորա» հիմնադրամի երեւանյան գրասենյակ՝ մեթոդական խորհրդատվության եւ օգնության համար: