Հայ օգնության Ֆոնդի եւրեւանյան գրասենյակում մարտի 15-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ: ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը իր այցի շրջանակներում հատուկ տեղ է հատկացրել այս հանդիպմանը: Շատ կաեւոր է նրա եւ առհասարակ սփյուռքի մեր հայրենակիցների համար իմանալ եւ հասկանալ, թե ինչպես են աշխատում եւ իրագործում իրենց ծրագրերը այս օրերին հայկական բարեգործական կազմակերպությունները՝ մասնավորապես ՀՕՖ-ը: Խոսքը առաջին հերթին վերաբերում էր Արցախում իրականացվող ծրագրերին:
«Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը եւ Մարգարիտ Քիլաջյանը նախօրոք պայմանավորվել եւ պատրաստվել էին այս հանդիպմանը եւ առաջին հարցը, որ նրանք ուղղեցին Համբարձում Սիմոնյանին, Արցախում իրականացվող ՀՕՖ-ի ծրագրերի մասին էր: Մարգարիտ Քիլաջյանը մասնավորապես նշեց, որ ՀԿԲՄ խորհրդի նիստում խոսվել է այն մասին, որ այս օրերին Արցախում դադարեցրել են իրենց գործունեությունը մի շարք բարեգործական կազմակերպություններ, այդ թվում նշվել է նաեւ Հայ օգնության ֆոնդի մասին:
ՀՕՖ-ի առաքելությունը չի փոխվել եւ չի կարող փոխվել, առավել եւս Արցախի համար այս օրհասական պահին, ասաց Համբարձում Սիմոնյանը։
Այնուհետեւ քննարկվեցին առաջիկա համատեղ ծրագրերը՝ մասնավորապես Հանգանակի բուժանձնակազմի վերապատրաստման դասընթացների իրականացումը, որի ֆինանսավորումը ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀՕՖ-ը: Բացի դրանից Համբարձում Սիմոնյանը ներկայացրեց գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի զարգացման լայնածավալ ծրագրի մանրամասները եւ հայտնեց, որ վերջինիս իրականացման համար Արցախում իրենց գործընկերը կլինի «Հանգանակ» ՀԿ: