Փետրվարի 8-ին «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպության պատասխանատուները հանդիպում ունեցան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանի հետ: 2021-2022 թվականներին մասնակցելով «Ավրորան Արցախին» հիմնադրամի դրամաշնորհային մրցույթին՝ Հայ կանանց բարեկեցության միությունը ներկայացրել էր Հանգանակի կողմից իրականացվող Տարեցների ծրագիրը, որը դարձել էր շահող 14 լավագույն ծրագրերից մեկը: Այդ ժամանակ լինելով «Ավրորան Արցախին» գասենյակի ղեկավարը, Նարինե Աղաբալյանը հանդիպում էր ունեցել «Հանգանակ» ՀԿ ղեկավարների հետ եւ քննարկել համագործակցության մանրամասները: Պետք է նշել, որ «Ավրորան Արցախին» հիմնադրամի դրամաշնորհի շնորհիվ հնարավոր եղավ շարունակել Տարեցների ծրագիրը 2022 թվականի երկրորդ կեսին եւ 2023 թվականի սկզբին՝ հաջողությամբ իրականացնելով բժշկական, սոցիալական եւ հոգեբանական ծառայությունները՝ այդ թվում նաեւ շրջափակման պայմաններում:
Արցախցիների բռնի տեղահանումից հետո հայտվելով Հայաստանում, «Հանգանակ»-ը փորձում է վերականգնել համագործակցության բոլոր հնարավորությունները: Այժմ լինելով «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար, Նարինե Աղաբալյանը ավելի քան որեւէ մեկը քաջատեղյակ է Արցախցիների առջեւ ծառացած խնդիրներին: «Հանգանակ»-ի պատասխանատուները ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագիրը եւ առանձնացրին միայնակ տարեցներին առնչվող խնդիրները՝ առանձնահատուկ շեշտելով սոցիալական կացարանների կենսական անհրաժեշտությունը նրանց համար:
Նարինե Աղաբալյանը պատմեց «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ծրագրերի մասին: Այս պահին նրանք աշխատում են հիմնականում երեք ուղղություններով՝ աջակցություն Արցախից տեղահանված երեխաներին, աջակցություն արցախցի վարպետներին՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ եւ սարքեր, եւ շարունակական զարգացման ծրագիր Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերապատրաստման եւ մասնագիտացման դասընթացներ ապագա առաջնորդների համար: Նա նշեց նաեւ, որ պատրաստում են նաեւ նախագիծ արցախցի գյուղաբնակ ընտանիքների համար, որը ենթադրում է տրամադրել գյուղական վայրում կացարան՝ տալով գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ կամ կաթի արտադրությամբ զբաղվելու հնարավորություն:
Մենք ներկայացրինք սոցիալական կացարան հիմնելու գաղափարը եւ վերջինիս գործունեության մանրամասները: Նշվեց համաֆինանսավորվելու հնարավորությունները եւ համագործակցությունը այլ կառույցների հետ, որը կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը եւ արդյունավետությունը: Նա շատ ուշադիր ծանոթացավ ծրագրին, կատարեց առաջարկություններ վերւինս ավելի լավ ներկայացնելու համար եւ խոստացավ քննարկել այն՝ գործակալության առաջիկա հանդիպման ժամանակ:
Հետեւեք մեր կայքին եւ տեղեկացեք մեր թարմացումներին: