Հերթական կլինիկական դասընթացը տեղի ունեցավ հունիսի 23-ին՝ նոր ձեւաչափով

Որոշ ընդմիջումից հետո վերսկսվեցին Zoom հարթակում կազմակերպվող կլինիկական դասընթացները: Այս անգամ դոկտոր Մահակյանի առաջարկությամբ այն կազմակերպվեց երկու թիմերի ընդգրկմամբ՝ Հանգանակի եւ Առողջ ուղեղի հայկական նախագծի: Գոհար Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց Հանգանակի պատմությունը եւ առաքելությունը, իսկ Ջեյն Մահակյանը «Ալցհայմերի խնամք Հայաստանը», որը հովանավորում է Առողջ ուղեղի հայկական ծրագիրը: Նախագիծը առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստումների և ուսուցման միջոցով նախատեսում է կայուն դրական ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության մակարդակը։ Եվ այս նախագծի շրջանակներում, դոկտոր Մահակյանը հրավիրել է Առողջ ուղեղի հայկական ծրագրի բուժքույր Սիլվա Դավթյանին՝ ներկայացնելու Ալցհայմերի հիվանդությունը եւ իր բազմամյա փորձը Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդների խնամքի կազմակերպման մեջ:

Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր, հնչեցին բազմաթիվ հարցեր եւ բովանդակալից պարզաբանումներ: Հանգանակի թիմը ներկայացրեց իր դեպքերը, քննակվեցին ծերունական դեմենցիայի օրինակներ, որոնց դիֆերենցիալ ախտորոշումը դեռ անհասանելի է Արցախում:

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով բուժքույր Սիլվա Դավթյանին, մասնակիցները այս ձեւաչափը համարեցին շատ արդյունավետ եւ որոշեցին փորձի փոխանակության նման հանդիպումներ կազմակերպել նաեւ հետագայում: