Հերթական հոգեբանական խմբակային քննարկումը ավարտվեց թեյախմությամբ

Այսօր տեղի ունեցավ հունիսի արդեն չորրորդ հոգեբանական դասընթացը: Բոլոր նախորդ հանդիպումները նվիրված էին շրջափակման թեմային: Այսօր բարձրացվեց հետեւյալ հարցը. համեմատելով ձեր զգացողությունները դեկտեմբերին՝ շրջափակման սկզբին եւ այսօր՝ ավելի քան 6 ամիս հետո, ինչպիսի՞ փոփոխությունների են ենթարկվել ձեր ընկալումները եւ զգացողությունները, ինչպե՞ս դուք կնկարագրեիք ինքներդ ձեզ դեկտեմբերին եւ այսօր: Շատ անսպասելի հարցադրում էր եւ մասնակիցները խնդրեցին ժամանակ տալ մտածել, նախքան կպատասխանեին հարցին: Այնուհետեւ սկսվեցին բուռն քննարկումները: Մտածելով հարցի շուրջը, մասնակիցները հետաքրքիր բացահայտումներ էին անում, բաներ էին պարզում, որոնց մասին չէին մտածել: Նրանք զարմանալիորեն ճիշտ էին գնահատում իրավիճակը եւ իրենց՝ որպես իրականության մաս:

Քննարկման վերջում մասնակիցները նորից հնչեցրին այն միտքը, որ իրենք այլեւս չեն կարող ազդել տեղի ունեցող քաղաքական եւ ռազմական զարգացումներին եւ իրենց մնում է կենտրոնանալ իրենց առօրյայի վրա, փորձել գտնել լուծումներ տարբեր փոքր կենցաղային հարցերի: Նրանք սկսեցին պատմել, թե ինչպիսի մուրաբաներ եւ ջեմեր են պատրաստել: Տիկին Սինամը հպարտությամբ պայուսակից հանեց ընկույզի մուրաբա եւ խնդրեց աղջիկներին թեյ պատրաստել, որպեսզի հյուրասիրի բոլոր մասնակիցներին իր թարմ պատրաստած ընկույզի մուրաբայով: Այսպիսի թեյախմությամբ ավարտվեց այսօրվա հոգեբանական պարապմունքը:

Վայելեք հոգեբանական սեանսի ֆոտոշարքը ստորեւ: