ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական ամենամսյա հանդիպումը

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Աշխատանքային խմբի ամենամսյա հանդիպումները դարձել են Հանգանակ ՀԿ/ՀԿԲՄ համագործակցության կարեւոր մասը: Չնայած, որ Մարգարիտ Քիլաջյանը մշտական կապի մեջ է Հանգանակի անձնակազմի հետ, սակայն այս հանդիպումները շատ կարեւոր են համատեղ որոշումներ կայացնելու համար, առանձնապես երբ ծագում են հրատապ հարցեր, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ: Եվ այս հանդիպումը հենց կարեւոր էր համատեղ ծանրակշիռ որոշում կայացնելու առումով: Երրորդ եռամսյակի համար հատկացված գումարը SWIFT համակարգով փոխանցվել էր Հանգանակ ՀԿ-ի Արցախբանկի հաշվին ավելի քան մեկուկես ամիս առաջ, որը այդպես էլ չէր հասել հասցեատիրոջը: Այս իրավիճակը խնդիրներ է առաջացրել Տարեցների Ծրագրի իրականացման հետ կապված, միեւնույն ժամանակ հարցեր են առաջադրվել երկու կազմակերպություններին, արդյոք պետք է շարունակել համագործակցել նույն բանկի հետ, թե նոր հաշվեհամար պետք է բացել այլ միջազգային բանկում, ինչպես կատարել փոխացումները, ինչ համակարգերով եւ ինչ երաշխիքներ կունենանք, որ այդպիսի իրավիճակ նորից չի ստեղծվի: Բազմաթիվ քննարկումներ են եղել մինչեւ այս հանդիպումը, ուսումնասիրվել է բանկային համակարգը, որը գործում է Հայաստանի Հանապետությունում, եղել են բազմաթիվ խորհրդակցություններ բանկային համակարգի մասնագետների հետ: Եվ այս հանդիպմանը քննարկվեցին հետեւյալ կարեւոր հարցերը՝

  1. Ինչքանով է նպատակահարար նոր բանկային հաշվեհամարի բացումը,
  2. Ստեղծված իրավիճակում ինչպես ապահովել Տարեցների ծրագրի իրականացումը,
  3. Ինչպես կարելի է գտնել ժամանակավոր լուծում,
  4. Ֆինանսավորման ինչպիսի այլ հնարավորություններ կան:

Քննարկվեցին այս հարցերը աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի հետ եւ առաջարկված լուծումները հիմնավորվեցին եւ համաձայնեցվեցին: Որոշվեց, որ Մարգարիտ Քիլաջյանը կպատրաստի հանդիպման հաշվետվությունը, որը այնուհետեւ կքննարկվի ՀԿԲՄ խորհրդի նիստում, որը կկայանա հաջորդ չորեքշաբթի: Ուրախությամբ նշվեց, աշխատանքային խմբի մշտական անդամ, նախկինում ՀԿԲՄ խորհրդի նախագահ Ջոանն Ջանջիգյանը նույնպես ընտրվել է խորհրդի անդամ:

Քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր: