Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հանդիպումը: Այն վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Հանդիպմանը ներկա էին ՀԿԲՄ խորհրդի անդամ Ջոանն Ջանջիգյանը, Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանը եւ «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը: Սեպտեմբերին հերթական հանդիպումը չէր կայացել, ուստի հարցերը կուտակվել էին, առանձնապես, որ քննարկվում էին 2023 թվականի առաջնահերթ խնդիրները:
Մարգարիտ Քիլաջյանը նախ ողջյունեց բոլորին եւ անմիջապես անցավ ֆինանսական խնդիրներին: Վերջին ամիսներին դա դարձել է քննարկումների հիմնական թեման: Որոշվեց, որ չորրորդ եռամսյակի ֆինանսավորումը կլինի նոյեմբերին, իսկ ջեռուցման փոխհատուցման հարցը 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կքննարկվի ՀԿԲՄ առաջիկա նիստում:
Խոսվեց այն մասին, որ առաջարկված 2023 թվականի ծրագրի նախագծի որոշ դրույթների համար պետք է դիմել ԼՂՀ կառավարությանը՝ պետական հովանավորության համար: Այդ մասին եղել են քննարկումներ 2022 թվականի ընթացքում եւ ԼՂՀ պետնախարարը առաջարկել է ծրագիրը ներկայացնել նոյեմբերին՝ 2023 թվականի պետբյուժեյում ընդգրկելու համար:
Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց 2023 թվականի Տարեցների ծրագրի հիմնական նպատակը, առաջնահերթություններն ու խնդիրները: Իրականում այն չի փոփոխվել նախորդ տարիների համեմատ, սակայն ծագած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար կազմակերպությունը պետք փնտրի ֆինանսավորման նոր աղբյուրներ:
Կլինիկական մասով Նենսի Բարսամյանը ներկայացրեց իր առաջարկութունները: Բժշկական անձնակազմի համար վերապատրաստման դասընթացները պետք է շարունակվեն: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել շահառուների մոտ հիվանդությունների կանխարգելմանը: Այդ նպատակով պետք է կիրառել տարեցների առողջության գնահատման համար մշակված չափորոշիչներ: Բուժանձնակազմի վերապատրաստման արդյունքում այդ չափորոշիչները կդառնան նրանց հիմնական աշխատանքային ուղեցույցը:
Քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր: