Հոգեբանական խմբային պարապմունքները շարունակվում են

Արդեն տարեվերջ է եւ անհրաժեշտություն է ծագել տալ գնահատական կատարած աշխատանքին եւ նախագծել հետագա անելիքները:

Ինչպես հայտնել էինք մեր նախորդ հոդվածներում, հոգեբանական ծառայություններ տրամադրելու հետ մեկտեղ, «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբաններն իրականացրել են նաեւ մեր շահառուների մոտ հոգեախտորոշիչ հետազոտություններ։ Առաջիկա մեր լուսաբանումնեից մեկում, մենք կանդրադառնանք այդ հետազոտություների արդյունքներին: Իսկ հիմա պարզապես հետեւենք, թե ինչպես են ընթանում հոգեբանական խմբային պարապմունքները եւ ինչպես կարելի է դրանք դարձնել ավելի հետաքրքրական մասնակիցների համար:

Հետեւլով մասնակիցներին եւ հարցնելով նրանց կարծիքները պարապմունքների մասին, պարզ դարձավ, որ նրանց հետաքրքրում են թե′ հոգեբանի զրույցները խմբի հետ ամենատարբեր թեմաների շուրջ, եւ թե′ արտթերապիան՝ իր բոլոր դրսեւորումներով: Սակայն շահառուների մի մեծ խումբ դեռեւս պատրաստ չէ կիսել իր զգացմունքները եւ կյանքի զգայուն հարցերը խմբի հետ, սակայն, այնուհանդերձ, նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում արտթերապիայի նկատմամբ:

Ելնելով դրանից, Հանգանակի տնօրինությունը խորհրդակցեց ՀԿԲՄ /AWWA/ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանի հետ, եւ, համատեղ որոշում կայացվեց, ավելացնել խմբային պարապմունքները՝ դարձնելով շաբաթական 2 անգամ: Ընդ որում, հոգեբանի հետ աշխատանքը կշարունակվի ըստ նախագծված պլանի՝ յուրաքնաչյուր հինգշաբթի ժամը 14:00-ին, իսկ արտթերապիայի համար կնշանակվի այլ օր եւ կհրավիրվեն ավելի մեծ թվով շահառուներ, որոնց հետ կաշխատեն արդեն Հանգանակի աշխատակիցները: Հանգանակի բուժանձնակազմը պետք է վերապատրաստվի այդ աշխատանքի համար «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի մասնագետների կողմից, որպեսզի ծառայությունները մատուցվեն ըստ ընդունված չափորոշիչների: Այս թեման դեռեւս պետք է քննարկվի «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի հետ եւ ծառայությունների ընդլայնմանը պետք է սպասել միայն 2023 թվականին:

Իսկ հոգեբանական խորհրդատվությունները շարունակվում են, եւ, եթե նոյեմբերի 17-ի հերթական պարապմունքը նվիրված է եղել արտթերապիային, ապա նոյեմբերի 24-ին մասնակիցները հիշել են իրենց մանկությունը եւ գնահատական տվել իրենց սովետական դաստիարակությանը:

Ֆոտոշարքում զետեղված են վերջին երկու պարապմունքներից լուսանկարներ: