Դեկտեմբերի 29-ին Հանգանակում տեղի ունեցավ հոգեբանի հետ տարվա վերջին հանդիպումը: Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարից, «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը, ստանալով առաջարկ «Հանգանակ» ՀԿ կողմից՝ իրականացնել հոգեբանական ծառայություններ կազմակերպության շահառուների համար, անմիջապես իր թիմի հետ կցվեց նախապատրաստական աշխատանքների: Մշակվեց ծառայությունների պլանը, կազմվեց դասընթացների ժամանակացույցը եւ ծրագիրը: Ծառայությունների տրամադրման հետ միաժամանակ առաջարկվեց իրականացնել շահառուների շրջանում հետազոտական աշխատանքներ՝ գնահատելու շահառուների հոգեվիճակը, դեպրեսիայի մակարդակը եւ, հաշվի առնելով քաղաքական եւ ռազմական իրադրությունը Արցախում, տագնապային վիճակների խորությունը:
Հոգեբանական ծառայությունները մեկնարկեցին խմբային սեանսներով: Յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 14:00-ին շահառուները սկսեցին հաճախել հոգեբանական դասընթացներին: Դասընթացները հիմնականում վարում էր Անահիտ Լալայանը: Մասնակիցների թիվը տատանվում էր 6-12, երբեմն ավելի: Որոշվեց, որ խումբը կլինի բաց, ցանկացողները կարող էին միանալ պարապմունքներին՝ ըստ ցանկության:
Այսպիսով, ամփոփելով տարին, կատարված աշխատանքին գնահատական տալու համար, հոգեբանը շահառուներին առաջարկեց այս հանդիպմանը պատմեն իրենց մոտ տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ իրենց մարդկային շփումների, սոցիալական կյանքի, հոգեվիճակի եւ մտահոգությունների մասին, ինչպես են դրանք փոխվել դասընթացների արդյունքում: Նա նախապես նշեց, որ փոփոխությունները կարող են լինել դրական կամ բացասական, այնպես, ինչպես իրենք կգնահատեն իրենց հոգեվիճակը:
Տարվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ թեյի սեղանի շուրջ, ջերմ, անբռնազբոս մթնոլորտում: Դա ավելի շատ նմանվում էր մտերմիկ զրույցի, քան դասընթացի: Հանգանակի աշխատակիցները եւս ունեցան իրենց մասնակցությունը: Հետքրքիր զրույց ստացվեց: Վերջում այն վերածվեց քաղաքական իրավիճակի քննարկման: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել Արցախի շրջափակման արդեն 18-րդ օրը:
Հանդիպման վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին բժշկուհուն եւ ասացին, որ անհամբեր կսպասեն հաջորդ հանդիպմանը՝ արդեն 2023 թվականին: