Հոգեբանական ծառայությունները շարունակվում են

Այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի ունեցավ հերթական հոգեբանական խմբակային սեանսը: Մասնակիցները արդեն հավաքվել էին եւ հարմարավետ տեղավորվել շրջանաձեւ դասավորված աթոռներին: Ամեն հանդիպման ժամանակ մասնակիցների թիվը տատանվում է, բայց ոչ պակաս, քան 6-7 շահառու պարտադիր ներկայանում են եւ ակտիվ մասնակցում քննարկումներին:

Այս անգամ մասնագետները պատրաստել էին մասնակիցների հոգեբանական կերպարների, ենթագիտակցության մեջ նստած վախերի եւ հուզական վիճակների բացահայտման հատուկ հնարքներ, որոնք ինտերակտիվ խաղի տեսքով առաջարկվեցին մասնակիցներին: Հանգանակի աշխատակիցները նույնպես մասնակցում էին հանդիպմանը: Շատ հետաքրքիր եւ բուռն քննարկումներ ստացվեցին: Հանդիպման երկրորդ մասը նույնպես աշխույժ անցավ: Այն ուշադրության գնահատման թեստ էր, որին բոլորը ակտիվորեն մասնակցում էին եւ փորձում ցույց տալ առավելագույն արդյունք:

Վերջում հայտարարվեց, որ դոկտոր Լալայանը գնում է 2-շաբաթյա արձակուրդի, որը չի նշանակում, որ պետք է արդեն սովորություն դարձած ամենշաբաթյա հանդիպումները ընդհատվեն: Անահիտ Լալայանի օգնական Անգելինա Մկրտչյանը կշարունակի վարել հանդիպումները, բայց մի քիչ այլ ձեւաչափով: Դրանք կլինեն ազատ զրույցի հանդիպումներ՝ թեյի սեղանի շուրջ:

Հաջորդ շաբաթվա ընթացքում Անգելինան կմասնակցի նաեւ բուժքույրերի նախապատրաստմանը շահառուների հարցախույզին: Այն պլանավորվում է օգոստոսին: