Ապրիլի 28-ին տեղի ունեցավ հերթական հոգեբանական խմբային պարապմունքը: Ինչպես եւ հայտարարվել էր, այդ պարապմունքները բաց բնույթ են կրում եւ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իհարկե, լավագույն արդյունքների հասնելու համար մասնակիցների թիվը չպիտի գերազանցի 12-ը, սակայն դեռեւս չէր քննարկվել, թե ինչպես պետք է կարգավորել պարապմունքները մեծ թվով մասնակիցներ ունենալու դեպքում:
Այսօր շահառուներից մասնակիցների թիվը 7 էր, սակայն որոշվեց, որ «Հանգանակ» ՀԿ անձնակազմը նույնպես կարող է մասնացել սեանսներին: Մի կողմից հոգեբանական խնդիրներ ունի գրեթե Արցախի ամբողջ բնակչությունը, մյուս կողմից անձնակազմը մասնակցելով այդ պարապմունքներին, շահառուների համար ավելի մտերմիկ միջավայր է ստեղծում: Այն միտքը, որ իրենց սպասարկող մարդիկ նույնպես ունեն հոգսեր եւ խնդիրներ, նույնքան կարիք ունեն հոգեբանական աջակցության, շահառուներին դարձնում է ավելի բաց եւ ճկուն, պատրաստ կիսվելու իրենց խնդիրներով: Դա ենթադրում է լավ արդյունքներ, ինչպես հավաստիացնում են մասնագետները:
Հանդիպումը տեւեց երկու ժամ: Խոսեցին բոլորը, քննարկվեցին մասնակիցների բոլոր խնդիրները՝ սոցիալական, առողջական, կենցաղային, բարոյական, որոնք անդրադառնում են այս կամ այն չափով իրենց հոգեվիճակի վրա: Ոմանք պատմում էին իրենց անձի իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, որոնք վերջիններիս հասցրել են ծանր հոգեբանական տրավմա:
Սեանսից հետո, մասնակիցները չէին շտապում հեռանալ: Նրանցից ոմանք մնացին մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Բոլորը պատրաստակամություն հայտնեցին անպայմանորեն մասնակցել հաջորդ հանդիպումներին:
Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված կազմակերպության վերջին նորություններին: