Մեր հրապարակած նախորդ նորության մեջ խոսել ենք միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված պարենամթերքի մասին: Այնպես ստացվեց, որ այդ օգնությունը հասցվեց Ասկերանի շահառուներին միայն հոկտեմբերին, իսկ դրան հաջորդեց հոկտեբեր ամսվա պարենամթերքի տրամադրումը, քանի որ Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) կողմից հերթական ֆինանսական օգնությունը արդեն հասանելի էր:
Ինչպես ասվել է, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված օգնությունը բավականին ծավալուն էր, դրա համար որոշվեց նախապատվություն տալ սպիտակուցային սննդամթերքին եւ փոքր ծավալով, բայց սննդային բարձր արժեքով պարենային օգնություն բաժանել: Նախորդ շաբաթվա ընթացում Ստեփանակերտի շահառուների ճնշող մեծամասնությունը արդեն հասցրել է ստանալ իրենց բաժին օգնությունը, իսկ Ասկերանի շրջանի շահառուներին այն հասցվեց այսօր:
Աշնանային հրաշալի օր էր եւ շահառուները արդեն հավաքվել էին Ասկերանի գրասենյակի բակում: Նրանք աշխույժ զրուցում էիր եւ Հանգանակի աշխատակիցներին դիմավորեցին ուրախ բացականչություններով: Ջերմ աշնանային արեւը ուրախ տրամադրություն էր հաղորդել մարդկանց եւ նրանք բարձր կատակում էին իրար հետ:
Սովորության համաձայն մինչեւ գրասենյակ մտնելը նկարվեցին խմբով, իսկ այնուհետեւ հերթով սկսեցին ստանալ իրենց պարենամթերքը, իսկ որոշները նաեւ անհրաժեշտ դեղանյութերը: Նորագյուղի, Խնապատի եւ Ծաղկաշատի գյուղապետերը անհամբեր էին, քանի որ նրանք դեռ Շրջվարչակազմում գործեր ունեին անելու, դրա համար նրանց առաջինը տրամադրվեց պարենամթերքը, իսկ շահառուները չէին շտապում տուն վերադառնալ՝ նրանք վայելում էին աշնանային օրը եւ հաճելի միջավայրը:
Հանգանակի աշխատակիցները վերջացրին աշխատանքը եւ ուղեւորվեցին Այգեստան, որտեղ եւս 2 շահառու պետք է ստանային իրենց պարենամթերքը:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: