Հունիսի 22-ին կազմակերպվեց այց Ասկերան՝ շահառուներին պարենամթերք եւ դեղանյութեր տրամադրելու: Ինչպես միշտ Թաթուլ Շեքյանը արդեն սպասում էր գրասենյակում: Հավաքված շահառուները Հանգանակի աշխատակիցների հետ բեռնաթափեցին մեքենան: Այս անգամ քիչ շահառուներ էին հավաքվել: Բոլորը ընկճված էին՝ վերջին քաղաքական զարգացումներին ի պատասխան: Աստիճանաբար հավաքվում էին շահառուները՝ ստանալու պարենամթերք եւ դեղանյութեր եւ բոլորն էլ մտահոգ էին նույն թեմայի կապակցությամբ:
Աշխատանքը շատ արագ կազմակերպվեց: Շահառուները մեկ-մեկ ներս էին մտնում եւ ստանում օգնությունը, որից հետո ստորագրում համապատասխան թերթիկներում՝ ստացած մթերքի եւ դեղանյութերի համար:
Դուրս գալով գրասենյակից, նրանք չէին շտապում հեռանալ, հույս ունենալով՝ որ Ստեփանակերտից ժամանած Հանգանակի աշխատակիցները ինչ-որ նորություն կունենան իրենց հայտնելու: Բայց վերջին նորությունները նույնն էին՝ հայկական կողմը պատրաստվում է զիջել նաեւ վերջին գյուղը՝ Աղավնոն, Բերձորի՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի հետ միասին: Մանրամասներ ոչ ոք չգիտեր, բայց ըստ տեղեկությունների գազի մատակարարումը կընդհատվի, քանի որ այն անցնում է նույն ճանապարհով, իսկ նոր գազամատակարարման ուղին դեռ պատրաստ չէ: Մարդիկ ծայրահեղ ընկճված էին: Նրանք դեռ երկար մնացին գրասենյակի բակում կանգնած՝ փորձելով հասկանալ, թե էլի ինչ չարիք է սպասում իրենց ծվատված հայրենիքին:
Օրվա վերջում Հանգանակի թիմը վերադարձավ Ստեփանակերտ:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: