Հունիսի պարենամթերքի տրամադրումը ուշացել է: Դեռ ամսվա սկզբին Հանգանակի պատասխանատուները, հաշվի առնելով մթերքի սղությունը կապված շրջափակման հետ, փորձեցին օր առաջ պատվիրել անհրաժեշտ, բայց միեւնույն ժամանակ խանութներում առկա մթերքը: Դժվար էր գտնել մթերքի անհրաժեշտ քանակությունները եւ շատ ժամանակ պահանջվեց, մինչեւ որոշվեց, թե ինչ մթերքներ են առկա եւ երբ դրանք կտրամադրվեն: Տեղական արտադրության կարագը, պահածոն եւ թեյը հնարավոր եղավ ստանալ երկու շաբաթից, իսկ ձու արտադրողը խոստացավ տրամադրել այն միայն զորամասերին անհրաժեշտ քանակությունները հասցնելուց հետո: Ուստի ստիպված պետք էր սպասել եւս մեկ շաբաթ:
Այսպիսով, պարենամթերքի տրամադրումը սկսվեց հունիսի վերջին շաբաթը: Շրջափակման հետեւանքով վառելանյութի բացակայության պատճառով առաքումը կատարվեց ոտքով՝ բուժքույրերի եւ սոցաշխատողների միջոցով: ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի սոցաշխատողները նույնպես կցվել են աշխատանքի: Շահառուների մի մասը, սովորության համաձայն, անձամբ են ներկայանում գրասենյակ պարենամթերք եւ դեղանյութեր ստանալու: Առ այսօր շահառուների ավելի քան 70 տոկոսը ստացել են իրենց մթերքը:
Մեծ խնդիր է նաեւ Ասկերանի շահառուների պարենամթերքի տրամադրումը: Վառելանյութի բացակայության պատճառով նույնիսկ հասարակական տրանսպորտը չի գործում: Ասկերանի ծրագրի պատասխանատու Թաթուլ Շեքյանը փորձում է խնդիրը լուծել մոտակա օրերին:
Ասկերանի այցի մասին կպատմենք հաջորդիվ:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում Հանգանակի գործունեության մասին: