ՀՕՖ-ի պատասխանատուները այցելեցին «Հանգանակի» գրասենյակ

ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը քաջատեղյակ է «Հանգանակ» ՀԿ-ի գործունեությանը: Դեռ 2008-ին, երբ ՀՕՖ-ը վերջացնելով իր լայնածավալ ծրագիրը Արցախում, փակեց իր գրասենյակը, այն իր ամբողջ գրասենյակային կահույքը, սարքավորումները, ամբողջ տեխնիկան բաժանեց տեղի կազմակերպություններին: Այդ ժամանակ դա հազարավոր դոլարների հասնող մեծ օգնություն էր: «Հանգանակում» հաճելիորեն զարմացան, որ նախարարությունների եւ պետական այլ կառույցների հետ միասին նրանց նույնպես բաժին հասավ՝ այդ տարիների համար ժամանակակից համակարգիչներ, տպագրիչ սարք, սկաներ եւ նույնիսկ գունավոր պրինտեր, որ հազվագյուտ երեւույթ էր Ստեփանակերտում: Նույնիսկ առաջարկեցին Niva մակնիշի մեքենա, որից ստիպված հրաժարվեցին՝ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար: Ասել է թե, ՀՕՖ-ը ծանոթ էր «Հանգանակ»-ին եւ բարձր էր գնահատում նրա կողմից իրականացվող աշխատանքը: Սակայն պաշտոնական որեւէ այց կամ հանդիպում չէր եղել մինչեւ 2021 թվականը, երբ Համբարձում Սիմոնյանը «Հանգանակ» ՀԿ-ի նախագահ Գոհար Հովհաննիսյանի հետ միասին որոշեցին կազմակերպել որակավորման դասընթացներ «Հանգանակի» աշխատակիցների համար:

Այս ամառ կայացավ շատ սպասված հանդիպում ՀՕՖ-ի գրասենյակում: Կարդալ ավելին…

Պայմանավորվածության համաձայն, արդեն 2022 թվականի մարտին կայացավ առաջին դասընթացը, որին մասնակցեցին «Հանգանակի» անձնակազմից 10 բուժ- եւ սոցաշխատողներ: Դասընթացը իրականացվել է Տարեցների առողջության եւ խնամքի կենտրոնի գրասենյակում՝ Կենտրոնի լավագույն մասնագետների կողմից: Հատկանշական է, որ առաջին փորձնական դասընթացը, որը ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՕՖ-ի ծրագրերի շրջանակներում Ամերիկայի Հայ առողջապահական մասնագետների միության (American Armenian healthcare Professionals Association, AAHPO) կողմից, գերազանցեցին բոլոր ակնկալիքները:

Իսկ ինչքան մեծ եղավ «Հանգանակի» աշխատակիցների ուրախությունը, որ իր 1-օրյա այցի շրջանակներում, աշխատանքային սեղմ գրաֆիկի պայմաններում, Համբարձում Սիմոնյանը Երեւան մեկնելուց առաջ կարողացավ այցելել  «Հանգանակի» գրասենյակ անձամբ տեղում ծանոթանալու կազմակերպության առօրյային: Նա մենակ չէր եկել, եկել էր իր գործընկերոջ՝ Առնո Հովհաննիսյանի հետ:

Կարճ այցի ընթացքում նրանց ներկայացվեց Տարեցների ծրագրի որոշ մանրամասներ: Նրանց հաճելիորեն զարմացրեց 2004 թվականից առ այսօր պահվող արխիվները: Առանձնապես նրանք հավանեցին գրասենյակի հաճելի մթնոլորտը: Համբարձում Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ դասընթացները կլինեն շարունակական եւ արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ավելի կհստակեցվի ժամանակացույցը Տարեցների առողջության եւ խնամքի կենտրոնի հետ: «Հանգանակի» աշխատակիցները հույս հայտնեցին, որ այս հանդիպումը վերջինը չի լինի։