Մայիս ամսում Հանգանակում սկսվել է շահառուների մթերքի  տրամադրումը

Մարտում Հանգանակը ստացել էր մոտ 8 տոննա հումանիտար օգնություն՝ իր 320 շահառուների համար: Այդ ծավալուն հումանիտար օգնությունը բավականացրեց երկու հաջորդ ամիսների ընթացքում եւ նույնիսկ մայիս ամսում շահառուների ձավարեղենը, բուսական յուղն ու այլ մթերքներ, որ ստացել էին մարտում, դեռ չէր վերջացել: Այդ էր պատճառը, որ Հանգանակը, մայիսի սկզբին ստանալով ՀԿԲՄ կողմից հերթական ֆինանսավորումը, որոշեց շահառուներին տրաամադրել այնպիսի մթերք, որը չէր ներառվել հումանիտար օգնության մեջ: Մասնավորապես սպիտակուցային սննդամթերքի անհրաժեշտություն էր զգացվում:

Այսպիսով, մայիսի 19-ից սկսվել է պարենամթերքի տրամադրումը: Ինչպես միշտ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի աշխատակիցները պարենային օգնությունը առաքել են իրենց կցված շահառուներին: Մի քանի օրում այն հիմնականում ավարտված էր: Տարեցների մյուս մասը նախընտրել է անձամբ ստանալ պարենամթերքը Հանգանակի գրասենյակից, ինչը հնարավորություն է ստեղծել բուժաշխատողների համար, առիթից օգտվելով, հերթական բժշկական քննությունները կատարել եւ գնահատել ներկայացող շահառուների առողջական վիճակը: Պարանամթերքի հետ միաժամանակ շարունակվել է նաեւ դեղանյութերի տրամադրումը: Սպասարկող դեղատունը հիմնականում կարողացել է բավարարել շահառուների դեղանյութերի պահանջարկը:

Առ այսօր հումանիտար օգնություն տրամադրվել է շահառուների ավելի քան 75%-ին: Իսկ երկուշաբթի օրը Հանգանակի աշխատակիցները այցելել են Ասկերան՝ տրամադրելու օգնությունը Ասկերանի շրջանի շահառուներին:

Ասկերանի այցի մասին կպատմենք հաջորդիվ:

Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում Հանգանակի գործունեության մասին:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: