Մարտի 1-ին տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ հերթական ամենամսյա հաշվետու ժողովը: Բուժքույրերը եւ սոցաշխատողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունները՝ համաձայն ընդունված ընթացակարգի: Ներկայացված հաշվետվությունները լրացվեցին բժշկի եւ հաշվապահի հաշվետվություններով, որով կազմվեց կազմակերպության ամսական ընդհանուր հաշվետվությունը:
Բուժաշխատողները ներկայացրեցին իրենց կողմից սպասարկվող շահառուներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջական խնդիրներ ունեցող տարեցներին: Քննարկվեցին տարհանված եւ պատերազմի ընթացքում բնակարանից զրկված շահառուների կարիքները:
Սոցիալական աշխատողները սպասարկում են 35 առավել կարիքավոր շահառուների: Նրանք ներկայացրին վերջիններիս մասին տեղեկություններ, նշելով, որ ընդհանուր առողջական վիճակների մեջ փոփոխություն չկա: Կատարված աշխատանքը գնահատվեց բավարար:
Կովիդով հիվանդացության նոր դեպքեր են գրանցվել: Եղել է մեկ մահվան դեպք: Բալայան Վոլոդյան, որ «Հանգանակ»-ի շահառու է ադեն 8 տարի եւ ուներ առողջական շատ լուրջ խնդիրներ՝ կապված դիաբետի բարդությունների հետ, կույր էր եւ ուներ երիկամային անբավարարություն, ստանում էր հատուկ խնամք «Հանգանակ»-ի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից: Նրան նույնպես չխնայեց կովիդը՝ Վոլոդյան մահացավ երկկողմանի ծանր կովիդային թոքաբորբից:
«Հանգանակ»-ի ամենամսյա հաշվետու ժողովի կարեւոր հարցերից մեկն էլ մարտի 4-6-ը Երեւանում կազմակերպվող դասընթացներն էին: ՀՕՖ-ի կողմից ֆինանսավովող եւ Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից իրականացվող դասընթացները կլինեն գերիատրիային վերաբերող առաջին դասընթացները:
Քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: