Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:
Ներան ծնվել է 1941 թվականի նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Հայրը հյուսն էր, մայրը՝ չէր աշխատում։ Ընտանիքում մեծանում էին յոթ երեխա՝ 2 տղա եւ 5 աղջիկ։ Ներան ընտանիքի չորրորդ երեխան էր։ Միջնակարգն ավարտելուց հետո տեղափոխվում է Բաքու՝ քրոջ մոտ։ Այնտեղ նա այցելում է կար ու ձեւի կուրսեր եւ ստանալով դերձակի որակավորում՝ աշխատում է Բաքվի կարի ֆաբրիկայում։
1969 թվականին նա ամուսնանում եւ տեղափոխվում է Ստեփանակերտ։ Սակայն կյանքը նրանց չի ժպտում, նրանք բաժանվում են առանց համատեղ երեխաներ ունենալու։ Չնայած Ներան ամուսնու հետ երկար չի ապրել, բայց մինչ օրս սիրով ու հարգանքով է խոսում նրա ու նրա հարազատների, ամուսնու երեխաների (երկրորդ ամուսնությունից) մասին, եւ ցավով մեզ տեղեկացրեց, որ վերջերս ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է ամուսնու տղան։ Ի դեպ նշենք, որ Ներան վայելում է հարազատների, բարեկամների, հարեւանների ու բոլոր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը։
1969 թվականին Ստեփանակերտ տեղափոխվելով Ներան աշխատանքի է անցնում Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատին կից հիվանդանոցում, իսկ 1971 թվականից տեղափոխվում է Արցախմամուլ, որտեղ աշխատում է շուրջ 36 տարի, իսկ 2007 թվականին անցնում է կենսաթոշակի։ Նրա թոշակը կազմում է 58300 ՀՀ դրամ։
Նա Հանգանակի շահառու է 2009 թվականից։ Նա շատ գոհ է Հանգանակից իր բուժքույր Մարսելա Սարգսյանից։
Պոլիկլինիկայից համարյա թե չի օգտվում, ունի լեղապարկի եւ ստամոքսի հետ խնդիրներ եւ համապատասխան դեղերը՝ Մեզիմ ֆորտե N20, Սենադեքսին N40, Սենա թեյ N40 ստանում է Հանգանակից, որը նրան է հասցնում իր բուժքույրը։
Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս։
Նա բնակվում է ամուսնուց իրեն մնացած երեք սենյականոց բնակարանում, որը ձմռանը տաքացվում է փայտով, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման ու իր թոշակից տնտեսած գումարից։
Նա խորին շնորհակալություն է հայտնում բարերարներին, Հանգանակի տնօրինությանը եւ ողջ անձնակազմին։