Նինա Մ-ն․

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին:

Նինան ծնվել է 1948թ. Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում` բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 6 երեխա` 1 տղա եւ 5 աղջիկ։ Նինան չորրորդ երեխան էր։ 1951 թվականին, երբ Նինա երեք տարեկան էր՝ ընտանիքը տեղափոխվել էր Միջին Ասիա։ Սակայն օտարությանը չհարմարվելով, որոշ ժամանակ անց՝ 1962 թվականին ընտանիքը վերջնականապես որոշում եւ տեղափոխվում է Ստեփանակերտ։ Ստեփանակերտում Նինան ուսումը շարունակւոմ է թիվ 3 դպրոցում, իսկ 9-րդ դասարանից տեղափոխվում է գիշերօթիկ դպրոց եւ ուսմանը զուգահեռ աշխատում փոստում՝ որպես փոստատար։ Գիշերօթիկն ավարտելուց հետո հեռակա սովորել եւ ավարտել է Բաքվի կապի տեխնիկումը, իսկ 1973 թվականին ընդունվել է Բաքվի օտար լեզուների ինստիտուտը, սովորել հեռակա ուսուցմամբ։ Ուսմանը զուգահեռ աշխատել է տեղի փոստում՝ արդեն որպես փոխտնօրեն։ Սակայն 1974 թվականին թողնելով եւ ուսումը, եւ աշխատանքը նա տեղափոխվում է Ստեփանակերտ՝ խնամելու հիվանդ մորը։

Նինայի անձնական կյանքը չի դասավորվել։

1974-1996 թվականներին նա աշխատել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 1998-2002 թվականներին՝ Ստեփանակերտի զինկոմիսարիատում, որտեղից էլ 2002 թվականին անցել է թոշակի։

Ամսական ստանում է 63000 ՀՀ դրամ թոշակ։

Նինան ապրում է մեկ սենյականոց բնակարանում, որը ձմռանը ջեռուցվում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։

Հանգանակի շահառու է 2011թ-ից: Հանգանակի մասին տեղեկացվել է ծանոթներից:

Իր առողջական վիճակը նա համարում է միջինից ցածր, հիպերտոնիկ է։ Հանգանակից ստանում է Կապտոպրիլ 50մգ N20, Կոնկոր 5մգ N25, Կարդիոմագնիլ 75մգ N30։

Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս:

Նա շատ շնորհակալ է Հանգանակի ողջ անձնակազմից եւ իր բուժքուր Էլզա Ներսիսյանից։

Նա հատուկ շնորհակալություն է հայտնում բարերարներին, որոնք կարողանում են օգնության ձեռք մեկնել եւ զգալի թեթեւացնել իրենց կյանքը։

____________________

Հ.Գ. Մեզ վերջերս խնդրեցին հաշվել, թե քանի շահառու ենք ունեցել սկսած 2004 թվականից: Դա ուղղակի հաշվել է պետք… հաշվել մեր կորուստները եւ պարզապես գումարել ներկա շահառուների թվին եւ կստանանք այն, ինչ պահանջվում է: Դա սոսկ թիվ է այն մարդկանց համար, ովքեր ուզում են քանակական գնահատական տալ մեր կատարած աշխատանքին, իսկ մեզ համար մարդկային կյանքեր են եւ հիշողություններ… պատմություններ, որոնք կմնան մեր հիշողության մեջ: Դա մեր մեծ ընտանիքի հարազատ անդամների պատմություններն են: Եվ երբ հեռանում է մեր մեծ ընտանիքի անդամներից մեկը, որը, դժբախտաբար, պատահում է ըստ կյանքի օրենքի, մեր աշխատակիցները լինում են այն սակավ մարդկանցից, որ գնում են վերջին հրաժեշտը տալու եւ աղոթելու նրանց հոգու փրկության համար:

Նինան այլեւս մեզ հետ չէ: Նա շատ անսպասելի եւ արագ հեռացավ, չթողնելով հասկանալ, թե ինչ կատարվեց… Էլզան ապրիլ ամսին առաջինը նկատեց նրա օր օրի սաստկացող դեղնությունը: “Դու պիտի գնաս բժշկի, քո գույնը ինձ դուր չի գալիս”,- ասաց եւ ինքը նրան ուղեկցեց պոլիկլինիկա: Նինային պառկեցրին եւ մեկ շաբաթ հետո ուղեգրեցին Եւրեւան՝ ախտորոշումը հաստատելու: Դժբախտաբար Երեւանում հաստատված աշտորոշումը հուսադրող չէր: Նա հետ վերադարձավ եւ բուժումը շարունակեց տանը: Մինչեւ վերջին րոպեն նա պայքարում էր, սակայն հիվանդությունը հաղթեց: 2021 թվականի հուլիսի 18-ին նա հեռացավ…