Նոյեմբեր ամսվա պարենամթերքը «Հանգանակը» հասցրել է Ասկերանի շահառուներին

Նոյեմբերի 25-ին Հանգանակի թիմը հերթական անգամ այցելեց Ասկերան՝ պարենամթերք եւ դեղանյութեր տրամադրելու: Նախորդ շաբաթվանից արդեն սկսվել էր Ստեփանակերտի շահառուներին պարենամթերքի տրամադրումը: Երբ արդեն շահառուների մեծամասնությունը ստացել էր պարենամթերքը եւ գրասենյակի աշխատանքի լարվածությունը բավականին իջել էր, Հանգանակի թիմը արդեն պատրաստ էր մեկնելու Ասկերան:

Այս անգամ այցելությունը կազմակերպվեց օրվա երկրորդ կեսին, երբ արեւը արդեն բավականին իջել էր եւ չնայած տաք եղանակ էր ցերեկը, երեկոյան օդում զգացվում էր ձմռան շունչը: Շահառուները տաք հագնված ներկայացել էին ստանալու օգնությունը: Ինչպես միշտ Նորագյուղի եւ Պատարայի գյուղապետերը նույնպես տեղում էին: Նորագյուղում Հանգանակը սպասարկում է 6 միայնակ տարեցների, որից երկուսը հաճախակի են այցելում Հանգանակի գրասենյակ եւ սովորաբար պարենային օգնույթյունը անձամբ են ստանում գրասենյակից: Մյուս 4 շահառուի պարենամթերքը պարտաճանաչ ստանում է Նորագյուղի գյուղապետը: Հավաքված շահառուները պատրաստակամ գյուղապետերին առաջ թողեցին, որովհետեւ նրանք դեռ պիտի հասնեին իրենց համայնքները:

Ասկերանի շահառուներից 13-ը ստացան իրենց պարենամթերքը եւ դեղանյութերը, եւս 6 շահառուի օգնությունը կառաքեն գյուղապետերը, իսկ Այգեստանի 2 շահառուների համար՝ Հանգանակի թիմը սովորության համաձայն հետդարձի ճանապարհին կայցելի Այգեստան:

Որոշվեց, որ ձմռան ամիսներին Ասկերան ցանկալի է այցելել օրվա առաջին կեսին, որովհետեւ արդեն բավական ցուրտ է լինում օրվա երկրորդ կեսին;

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: