Հանգանակի կլինիկական ծրագրերի պատասխանատու Նենսի Բարսամյանը աշխատում է կազմակերպության բժշկական անձնակազմի հետ 2020 թվականից: Նրա առաջարկությամբ եւ նրա ղեկավարությամբ սկսվեցին առցանց դասընթացները Հանգանակի բուժաշխատողների հետ: Նրա ներկայությունը Տարեցների ծագրում նոր շունչ եւ նոր երանգներ հաղորդեց մատուցվող ծառայություններին: Լինելով բուժքույրական գործի մասնագետ, նա բարձրացրեց բուժքույրերի դերը ծրագրում: Նրա դասախոսություններից հետո Հանգանակի բուժքույրերը նոր ոգեւորությամբ սկսեցին իրականացնել իրենց ծառայությունները՝ վստահ լինելով որ իրենց աշխատանքով նրանք կարող են փոխել շահառուների կյանքի որակը:
Նենսի Բարսամյանը Հայաստանում էր Արցախի շրջափակման օրերին՝ ուղիղ մեկ տարի առաջ, երբ IMCA-ի շրջանակում հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Գերիատրիկ պալիատիվ խնամք եւ դեմենցիայով ապրող անձինք» թեմայով սատելիտային համաժողովը, որը վարում էր հենց ինքը՝ դոկտոր Բարսամյանը: Նա լինելով «Հանգանակ» ՀԿ ծրագրերի կլինիկական մասի պատասխանատուն, կազմակերպության բուժանձնակազմին հրավիրել էր մասնակցելու միջոցառմանը, սակայն Արցախի տեւական շրջափակման պատճառով մասնակցել կարողացել են միայն Հայաստանում մնացած բուժաշխատողներ Էլզա Ներսիսյանը եւ Նաիրե Ոսկանյանը:
Նենսի Բարսամյանը նորից Հայաստանում է: Նա հրավիրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից՝ դասավանդելու բուժքույրական գործի բակալավրիատի ուսանողներին: Մենք առիթը բաց չթողեցինք եւ հանդիպեցինք Նենսի Բարսամյանին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Քիչ է ասել, թե շատ սրտառուչ հանդիպում էր՝ շատերիս համար առաջին իրական հանդիպումը: Նա խոստացավ, որ հաջորդ Հայաստան գալուց ինքը կայցելի Հանգանակի գրասենյակ, իսկ մինչ այդ մեր առցանց հանդիպումները կշարունակվեն:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի գործունեությանը: